Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ըստ Բրեդ Բյորդի սցենարի «Ռատատույ» ներկայացման պրեմիերան: Ինչպես և ակնկալվում էր, այն արժանացավ կրտսեր ու մեծահասակ հանդիսատեսի հրաշալի ընդունելությանը։
«Ռատատույ»–ը պատմում է երիտասարդ առնետ Ռեմիի մասին։ Նա ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է։ Իր երազանքներին հասնելու համար Ռեմին անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար․․․․
Ստացվել է գունեղ ու հետաքրքիր ներկայացում, որը վստահաբար երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում և հիացնելու է թե՛ կրտսեր, թե՛ մեծահասակ հանդիսատեսին։
Բեմադրության մեջ հետաքրքիր է ներկայացված գաղափարը, թե մարդիկ էլ, առնետներն էլ տարբեր են լինում․․․ Տարբեր են լինում նաև երազանքին հասնելու ճանապարհները․․․․ Արտահայտված կարծիքների մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ ներկայացումը սիրել տվեց առնետներին և մտածել տվեց մարդ-առնետների մասին։
«Ռատատույ» Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը Լիլիթ Մխիթարյանը, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատոր և բուտաֆորիստ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։
Հարկ է նշել նաև, որ ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից։