17 Դեկտեմբերի, 2018
Հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ գործարարներն իրեն խոստովանել են՝ նախորդ իշխանության ժամանակ ճամպրուկներով գումար են տարել Բաղրամյան 26։

Արդյոք Ազգային անվտանգության ծառայությունը հարուցե՞լ է քրեական գործ, ստուգվե՞լ է, այդ տեղեկության տակ թաքնվա՞ծ են փաստեր, թե՝ ոչ։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան․ «Հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցել չի լինում։ Վարչապետը հայտարարություն է արել, որի վերաբերյալ մենք կատարում ենք քննություն։ Ազգային անվտանգության ծառայությունը մշտապես նման բաներ է ստուգում։ Մենք կատարում ենք համապատասխան գործողություններ, որոնք վարչապետի հայտարարության հետ կապված չեն։ Հունիսի 7-ից առաջ մեր կառույցն արդեն ահագին մարդ էր բռնել, ստուգել, եկեք չկառչենք էլի բառերից։ Հենց լինի մի փաստ, որը կհիմնավորի այս կամ այն պաշտոնյայի ներգրավվածությունը ցանկացած կոռուպցիոն սխեմայի մեջ, անմիջապես տրվելու է իրավական գնահատական։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, ով օրենքը խախտեց, պատասխան է տալու։ Եկեք ամեն հայտարարություն չմեկնաբանեմ, ճիշտ չեմ գտնում մեկնաբանել քաղաքական գործիչների հայտարարությունը»։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեմ է լյուստրացիային, պետք չէ բացահայտել ԱԱԾ փաստաթղթերը․ «Դա բացառվում է, չի կարող լինել, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Էս երկիրը չի փոխվել, էս երկիրը Հայաստանի Հանրապետությունն է»։

Կաթողիկոսի և եկեղեցու անվտանգությունն ապահովելու առումով ԱԱԾ-ն այս պահին անելիք չունի․ «Երբ անելիք ունենանք՝ մենք կխառնվենք»: Ինչպես հայտնի է, այսօր Էջմիածնում կաթողիկոսի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախում է տեղի ունեցել։ ԱԱԾ տնօրենը դատապարտում է ցանկացած բռնություն ու հույս Է հայտնում, որ եկեղեցին ինքնուրույն կկարողանա խնդիրը լուծել: «Եկեղեցին մեր բարձրագույն արժեքներից մեկն է, որը պետք է պահենք պահպանենք: Եկեղեցին և պետությունը Հայաստանի Հանրապետությունում տարանջատված են, և մենք իրավասություն չունենք խառվելու եկեղեցու գործերին:

Մենք կարող ենք ապահովել միայն եկեղեցու և եկեղեցական ծառայողների անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը։ Իսկ Սերժ Սարգսյանի եղբոր բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Մարտիրոս Սարյանի վրձնին։ Սա հաստատվել է փորձաքննությամբ։ Հիշեցնենք որ ԱԱԾ-ն հաղորդում է ստացել, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել էր վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարներ, ինչպես նաև 115 000 ԱՄՆ դոլար, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակներում:

kotayk

Լրահոս