12 Մայիսի, 2022

«Ծանր վիրավորանքի» գործով Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հերթական նիստն է կայացել, մեղադրյալը Վահե Բալբաբյանն է, ով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին «անասուն» է ասել։ Տուժող կողմ գործում չկա, փոխարենը դատարանի դիմաց «վարդագույն» ավտոբուսի մեջ ոստիկաններ էին հավաքվել։

ArmDaily.am-ի հետ զրույցում Վահե Բալբաբյանը ասաց, որ այդպես էլ դատական նիստ տեղի չի ունեցել։

«Մենք նիստին ներկայացանք, դատավորը եկավ, դատախազությունը որոշեց անարգել դատարանը. Մենք մոտ 10 րոպե սպասեցինք, նիստերի դահլիճում պետք է դատը սկսվեր, բայց մի գրություն եկավ, որ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում ներկայանալ։ Հասարակ քաշքշուկ։ Պարզ երևում է, որ այս հոդվածը իրենք ուղղակի ստեղծել են, որպեսզի մարդկանց քաշքշեն, նեղացնեն»,- ասել է  Վահե Բալբաբյանը։

Վերջինիս համար մեծ հարց է, արդյոք իր կողմից ասած բառից ԱԺ պատգամավորը վիրավորվել է, թե ոչ։

«Ով է իրեն հարցրել՝ ինքը վիրավորված է դրանից, թե՝ ոչ։ Մենք տեղյակ չենք ինքը վրավորված է, թե ոչ։ Այսինքն՝ չկա տուժող կողմ այս գործի մեջ։ Դա դեռ պետք է դատական նիստերի ժամանակ պարզենք, թե ինչպես է լինում, որ առանց տուժող կողմի մեղավոր կա և անցնում է քրեական գործով։ Այսինքն՝ մարդկանց անաղարտ կյանքը կարող են քրեականացնել։ Շատ հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում»,- ասել  է Բալբաբյանը։

Նա նշեց, որ դատական նիստի օրը ոստիկանական ուժերի հետ որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բայց քանի որ «Ծանր վիրավորանքի» հոդվածով առաջին մեղադրյալն է եղել, տպավորություն է ստեղծվել, որ լարված նիստ է լինելու։

«Իրենց թվացել է, որ երևի ինչ-որ մի բան պետք է ձեռնարկենք այնտեղ՝ օրինակ բողոքի ակցիա, չգիտեմ՝ ինչից են վախեցել, բայց որ վախը կար՝ դա ակներև էր, որովհետև մոտ 50 հոգի ոստիկան շատ գեղեցիկ գույնի ավտոբուսով մեզանից շուտ արդեն այնտեղ ներկայացել էին։ Ու գիտենք, որ մեր նիստի համար էին ներկայացել, որովհետև այդ ժամին այդ դատարանում ուրիշ նիստ չկար։ Այնպես էին պատրաստվել, ասես՝ շատ վտանգավոր քրեական հանցագործի նիստ պետք է անցկացվեր»,- ասել է  Վահե Բալբաբյանը։

Վերջինիս կարծիքով՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թեպետ նա որևէ քաղաքական ուժի անդամ չէ։

«Փաստը մնում է փաստ, որ քրեական հոդվածով ես դատված եմ լինում, իմ կենսագրության մեջ դա մնում է։ Մի մարդկանց նկատմամբ, ովքեր ապրել են ազնիվ կյանքով ու թեկուզ կոպիտ քննադատության համար կարող են քրեական գործ հարուցել ու քրեական հոդվածով դատապարտված համարել հետո՝ դա պարզ քաղաքական հետապնդում է, իմ կարծիքով։ Ես՝ ինքս, քաղաքական մարդ չեմ, գործարար եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ սիրում քաղաքականությունը, ուղղակի հիմա այնպիսի իրավիճակ է, որ ամեն քաղաքացի պետք է ակտիվ լինի և իր տեսակետները արտահայտի, այն ուժերին սատարի և օգտակար լինի, որոնք ազգային են, որոնք պետք է այս երկիրը այս փոսից հանեն։ Ինքս այդ շանսը տեսնում եմ Բևեռի մեջ և ակտիվ աջակից եմ ԱԺԲ-ի։ Այդքանով ես քաղաքական եմ»,- ասել է  Վահե Բալբաբյանը։

kotayk

Լրահոս