13 Մարտի, 2023

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն:

Ըստ ստացված հաղորդման ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ  վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա փորձելով վնասել նրանցից մեկին:

Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված «GLOCK» տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։

Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, ով նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։

 

Լրահոս