22 Մարտի, 2023

Ավարտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի նախաքննությունը խմբավորման 4 անդամների մասով:Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.- և Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար:

Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավան քաղաքի բնակիչը գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական տղա», փորձել է հարցին լուծում տալ: Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն և այլ անձինք հանդիպել են նրան, ծեծի ենթարկել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը:

Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին։ Վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:

Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ հետևելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները:

2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։

Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ ապտակել են նրան:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Հիշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Քննիչի միջնորդության հիման վրա հանցախմբի պարագլուխ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում և ձերբակալվել։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։

 

Լրահոս