«Հրապարակ» թերթը գրում է.
«Լիանա Պետրոսյանը 2020 թվականից ի վեր, երբ տեղահանվեց Հադրութից, անդադար զբաղվում է իր հայրենակիցների խնդիրներով, փորձում է դրանք բարձրաձայնել, հասցնել պատկան մարմիններին՝ սոցապնախարարությանը, վարչապետի գրասենյակին, երբեմն էլ զուտ տեղեկատվական ու բացատրական աշխատանք է կատարում իր հայրենակիցների համար՝ պարզաբանելով սոցաջակցության վերաբերյալ խրթին որոշումներն ու կարգերը։
Ամենուր նա ներկայանում է որպես արցախցիների հարցերով զբաղվող հասարակական գործիչ, եւ, ի վերջո, ՀՀ կառավարության ներկայացուցիչները սկսեցին աշխատել Լիանա Պետրոսյանի հետ, նրան հրավիրել արցախցիների հարցերով հանդիպումներին։ Վերջինը եղել է առողջապահության նախարարությունում։ Փետրվարի 6-ին էլ ՄԻՊ Անահիտ Մանասյանն է հանդիպել Լիանայի հետ։ Մանասյանի առաքելությունը մարդկանց խախտված իրավունքների համար պայքարելն է, բայց նա արցախցիներին նախընտրում է չտեսնել, նրանց փոխարեն հանդիպել է մեկ անձի՝ Լիանա Պետրոսյանի հետ, որն արդեն ընդօրինակել է չինովնիկների լեզուն եւ մի երկար գրառում էր տարածել իր էջում` ՄԻՊ-ի գրասենյակում հյուրընկալվելու մասին։
Լիանա Պետրոսյանը երեկ ամեն կերպ խուսափեց պատասխանել, թե ում նախաձեռնությամբ է գնացել ՄԻՊ գրասենյակ` սեփակա՞ն, թե՞ իրեն հրավիրել են։ Ինչո՞ւ չեք ասում, գաղտնի՞ք է՝ հարցրինք Լիանային։ «Գաղտնիք չկա, բայց այդ հարցին այդքան նշանակություն տալը չեմ հասկանում։ Իրականում, նման դեպքերում կարեւորը բովանդակային մասն է եւ ոչ տեխնիկականը»,- ասաց նա: Բայց բովանդակային մասը եւս հրաժարվեց ներկայացնել՝ ասելով, թե իր էջում արդեն ներկայացրել է, որ հանդիպումների է, խոսելու ժամանակ չկա։ Ըստ նրա․ «Հանդիպմանն անդրադարձել են Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքներին, այդ թվում՝ միջազգային իրավունքների իրացման, վերադարձի, կարգավիճակի, քաղաքացիության, «070» ծածկագրով անձնագրի, ելքի վիզաների, փաստաթղթերի հետ կապված խնդիրների, խտրականության, ատելության խոսքի բացառման, սոցաջակցությունների ծրագրերից դուրս մնացած անձանց առնչվող հարցեր»։ Արցախցիների խնդիրների մի ահռելի ցուցակ ներկայացնելուց հետո Լիանան գրում է, որ պայմանավորվել է ՄԻՊ-ի հետ՝ «շարունակել կոնկրետ դեպքերի ուսումնասիրության, խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաեւ նախանշվել են հետագա աշխատանքների ուղղությունները»։ Նրա գրառումը, որը քիչ է տարբերվում ՄԻՊ գրասենյակի տարածած՝ ոչինչ չասող հաղորդագրությունից, չէր կարող բավարարել տեղահանվածներին։ Նրանք վիրավորված են Անահիտ Մանասյանից, իսկ Լիանա Պետրոսյանի տարածած «տեղեկացումից» ոչինչ չեն հասկացել։
«Այս իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, չեն ուզում հանդիպել հասարակ արցախցիների հետ։ Ես չեմ հասկացել, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը։ Թող հավաքեն բոլորիս ու մեր հարցերին պատասխանեն, իսկ այսպիսի հանդիպումները, կարծում եմ, մեզ ոչինչ չեն տալիս»,- ասում է Ալինա Հովսեփյանը։ Նա Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին` Ստեփանակերտից։ Այժմ Էջմիածնում է ապրում` վարձով։
«Արցախը տանուլ տվածների հետ արցախցու խնդի՞ր եք քննարկում, երբ արցախցու ոչ մի իրավունք չպաշտպանվեց, երբ դրա կարիքը կար։ Ժամանակին այդպես էլ արեցին, որ չլինի Արցախի խնդիր, բայց լինի արցախցու խնդիր։ Մտահոգող են արդեն ձեր այս անհասկանալի հանդիպումները»․ սա էլ Ստեփանակերտի մեկ այլ նախկին բնակչի՝ Ելենա Պողոսյանի կարծիքն է։
«Արցախն ունի վտարանդի նախագահ, կառավարություն, ԱԺ, սոցապ։ Ո՞վ է ձեզ վստահել մեր խնդիրներով ներկայանալ նման հանդիպման` ՄԻՊ-ի հետ։ Մենք ձեզ որպես ո՞վ ընդունենք։ Մեզ հուզող հարցերի պատասխանը թողեք՝ նշածս մարմինները տան։ Ձեր գործունեությամբ դուք խոչընդոտում կամ «փոխարինում եք» նշված մարմինների աշխատանքը, դրանով իսկ, որպես ՀՀ կառավարության մունետիկ, իրենց որոշումներն ու ծրագրերը տարածում մեզ վրա»,- Լիանայի գրառման ներքո մեկնաբանել է նրա հայրենակից Արմինե Սարգսյանը։
Նախկին զինվորական Հայկ Բաբայանն իր հարցն ունի ՄԻՊ-ին, որի պատասխանն ուշանում է։ «Այս օրերին, երբ Ադրբեջանում ապօրինաբար դատում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչի՞ համար է բերանը ջուր առել մարդու իրավունքների պաշտպան կոչեցյալը։ Ժողովրդի թիկունքում պայմանավորվողները մի օր ժողովրդի առաջ պատասխան են տալու: Անկախ ամեն ինչից, այդ օրը մոտենում է»,- գրում է նա։
Իր հարցի պատասխանը չի ստացել նաեւ Անուշ Սարումյանը։ Նրա եղբորորդին անհետ կորած է։ «2023 թվականին անհետ կորած 11 զինծառայողների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ի՞նչ է արվում։ Չէ՞ որ մեր երեխեն ժամկետային զինծառայող էր, երդում էր տվել հանուն Հայաստանի Հանրապետության, ու հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է զբաղվի նրանով։ Դա նրա իրավունքն է, բայց զինվորներով ոչ ոք չի ուզում զբաղվել։ Ինձ Լիանան ասեց, որ այս հարցը չի բարձրացրել։ Պետականորեն լիազորված անձը Գեղամն է՝ Ստեփանյան, որը պետք է հանդիպի ՄԻՊ-ի հետ։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը չի հանդիպում նրա հետ։ Այսօր մեր հարցերով գործնական ոչինչ չկա»,- գանգատվում է Անուշ Սարումյանը «Հրապարակին»։