«Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։
Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։
Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ այդ հարցը լուծելու համար:
Հետևաբար, կարող եմ պնդել, որ այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին, որոնց մասին գրել էի նախորդ գրառմանս մեջ, և նա Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ։
Մի բան անհերքելի է․ այս այցը ռազմավարական գործընկերոջ վայել չէր։ Բացի այդ, այն կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով և մեսիջներով։ Քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան։
Վաշինգտոնը ճանաչող որևէ մարդ չի կարող պնդել, որ սա օգտակար այց էր, իսկ Երևանը ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ այցը գերագնատողները զուտ իշխանության PR-ով են զբաղված»,- գրել է նա։