ՖակտորTV-ն է գրում ու մանրամասնում․ «Հարցաքննության մասին տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտին տեղեկություն տարածվեց, որ Գագիկ Բեգլարյանը սպառնացել է իր շքեղ առանձնատան հարևանությամբ բնակելի շենքեր կառուցող ընկերության տնօրենին՝ որպես պատճառ նշելով, թե կառուցվող շենքից դեպի իր առանձնատան տարածք տեսարան է բացվում, որտեղից երևում է իր տան անցուդարձը։ Բեգլարյանի առանձնատունը գտնվում է Երևանի Ազատության պողոտայում։
Հարևանությամբ կառուցապատում է իրականացնում «Կապիտալ պլյուս» ՍՊԸ-ն։
Ընկերության տնօրենը կայքի հետ զրույցում հաստատել էր սպառնալիքներ ստանալու վերաբերյալ տեղեկությունները, իսկ ընկերության անունից հետևյալ հաղորդագրությունն էր տարածվել․ «Բեգլարյան Գագիկը երկու տղամարդու հետ ինձ հրավիրեցին իրենց տան բակ, ցույց տվեց մեր շենքերն ու ասաց՝ ձեր վերջին հարկը նայում է իմ բակին, բայց իր տարածքն այնքան մեծ է, որ հարակից բոլոր կառույցները նայում են իր բակ: Հետո սկսեց հայհոյանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ՝ կվերացնեմ և այն: Բանը կարող էր ծեծկռտուքի հասնել, բայց չհասավ: Ես Հայաստանից դուրս գտնվող գործընկեր ունեմ, ասաց՝ նրան այնտեղ կգտնեմ, քեզ՝ այստեղ: Դիմեցի իրավապահներին, ոչ թե որ վախենում եմ, այլ սկզբունքի հարց է: Պետությունը պետք է մեխանիզմներ ունենա իրենց կարգի հրավիրելու, մենք մեզ ոչ պատշաճ վարք թույլ չենք տվել որևէ մեկի հանդեպ, հետևաբար նման ոտնձգություն չենք հանդուրժի»:
Քննչական կոմիտեից այսօր կայքին փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա 2024 թվականի ապրիլի 5-ին Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ի՞նչ է ենթադրում հոդվածը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը։
«Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:
Գագիկ Բեգլարյանի փաստաբանը փոխանցեց, որ Բեգլարյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի։
Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով՝ եթե անգամ հնչել է սպառնալիք, ապա դա բավարար չէ բողոքին իրավական ընթացք տալու համար: Ասում է՝ իրավապահները պետք է հաշվի առնեին, թե իրական ինչ հնարավորություն է եղել դրանք իրագործելու համար: Նա, միաժամանակ, պնդում է, որ Բեգլարյանը չի սպառնացել կառուցապատողին։
Վարույթի շրջանակում տուժողի կարգավիճակ ունեցող Տիգրան Գյուրջյանը դեպքից տասը ամիս անց թեմայի վերաբերյալ նոր ասելիք չունի։
Մեզ հետ զրույցում միայն նշեց, որ վերահաստատում է Բեգլարյանից սպառնալիքներ ստանալը։ Ուշագրավ է, որ այս գործով անցնող երկու անձանց հակասական ցուցմունքերի ֆոնին քննիչը Բեգլարյանի և Գյուրջյանի միջև առերեսում չի իրականացրել։
Այս մասին, մեր հարցին ի պատասխան, ասաց Տիգրան Գյուրջյանը։
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ եթե տարբեր անձանց ցուցմունքների մեջ կա հակասություն, ապա օրենքն ասում է, որ քննիչը պետք է առերեսում իրականացնի, որպեսզի հասկանա՝ ինչով է պայմանավորված այդ հակասությունը։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արդեն յոթ տարի է անցել Նիկոլ Փաշինյանի խոստումներից, բայց, այսպես ասած, նախկիններին առնչվող ընդամենը մեկ-երկու գործով դատական ակտ կա։ Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցնում է մի շարք քրեական գործերով։
Դատախազությունը Բեգլարյանի գույքերից ապօրինի է համարում Երևանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում։
Մյուս գույքերը ևս կենտրոնում են՝ Խորենացի, Տերյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում։
Բռնագանձման է ենթակա նաև Ազատության պողոտայի այն շքեղ առանձնատունը, որի հետ կապված միջադեպով քրեական վարույթ կա։
Բեգլարյանը պետք է ապացուցի՝ ինչպես է կարողացել քաղաքապետի և նախարարի ցածր աշխատավարձով հսկայական հարստության տեր դառնալ։
Իրավապահները Բեգլարյանին մեղադրում են պետությանը պատկանող ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք առերևույթ հափշտակելու համար։ Նրանից ընդհանուր բռնագանձման ենթակա է շուրջ 17 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող անշարժ գույք։
Այսքանով հանդերձ, 2020 թվականի մարտի 23-ից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, 2021-ի մայիսի 17-ին Երևան վերադառնալուց հետո, ընդամենը մեկ օր կալանավորված մնաց, իսկ մայիսի 18-ին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց»։