Արմեն Հովասափյանը գրում է․
Համաձայնեք՝ հայաստանյան իշխանությունների կողմից ամենօրյա ռեժիմով տիրաժավորվող թեզերին ու պնդումներին հակադարձելն ու դրանց բուն բովանդակությունն ու հանրային սպառնալիքը ջրի երես հանելը բավականին տանջալից, ինչ-որ տեղ նաև անշնորհակալ գործ է։ Հաճախ ընկերներս այս թեմայով ինձ քննադատում են, թե ինչու եմ նիկոլականների դատարկաբանություններին ու հակապետական դրսևորումներին անդրադառնում ու արձագանքում։ Նրանք կողմնակից են թեման «իգնոր» անելուն և արհամարհելուն, սակայն միշտ չէ, որ դա արդարացված է։
Տեխնոլոգիական առումով գուցե նրանք իրավացի են, քանի որ «սև փիառը նույնպես փիառ է» թեզն այս դեպքում սկսում է աշխատել, սակայն չհակադարձելը և նրանց հակահայկական ու հակապետական քայլերի մասին չբարձրաձայնելը, ճակատներին չասելը նշանակում է, որ մենք համամիտ ենք նրանց մոտեցումներին և «OK» ենք իրականացվող քայլերի հետ։
Այսօր արդեն պարզ է, որ նիկոլականները պատրաստվում են Սահմանադրության փոփոխությանը։ Ներողություն, ոչ թե պատրաստվում են, այլ նրանց պարտադրում են, իսկ պարտադրողը Թուրքիան ու Ադրբեջանն են, որոնք քափուքրտինք մտած փորձում են իրականացնել իրենց պանթուրանական գլխավոր նպատակը՝ ամեն գնով Սյունիքը կտրել Հայաստանից։
Հիմա արդեն ավելի հստակեցվեց, որ մինչև 2026-ը Սահմանադրության տեքստը կլինի պատրաստ։ Իսկ այդ տեքստի «գրողները» բոլորիս հայտնի գրատակեր, էպատաժային կերպարներն են, որոնք ծվարած են ՔՊ որջում։ Կասկածից վեր է, որ նրանք շարադրելու են այնպիսի մի թղթի կտոր, որը նախ իր հաստատումն ու «դաբրոն» կստանա Անկարայում ու Բաքվում, ապա կհրամցվի հանրության դատին՝ ներկայացվելով որպես «իրական Հայաստանի անկյունաքարային դոկտրին»։ Իրականությունն այն է, սակայն, որ այն կհանդիսանա ՀՀ-ի գերեզմանաքարը, քանի որ այդ կերպ վերջ կդրվի հայ պետականությանը։
Այստեղ, թերևս, շատ կարևոր է արձանագրել, որ յուրաքանչյուր քաղաքակրթության կործանումը, տվյալ պետության անկումը, որոշ դեպքերում ազգի ցեղասպանությունը բավականին երկար ու կազմակերպված գործընթացի արդյունք են։ Դա սկսվում է այն պահին, երբ պետության դարպասների մոտ հայտնվում է թշնամին, կամ երբ ոճիրն իրականացնելու վճիռն արդեն կայացված է։ Նմանատիպ գործընթացներ պատմության մեջ բազմաթիվ անգամներ կիրառվել են, և վերջին տասնամյակների ընթացքում դրանք շատ կազմակերպված ու քայլ առ քայլ կյանքի են կոչվում։
Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքով փորձում է ինչ-որ տեղ նաև փրկել Նիկոլին հետագա պատասխանատվությունից, որպեսզի հնարավոր իշխանափոխության դեպքում հայտարարեն, որ «ժողովուրդն է նման որոշում կայացրել, ոչ թե մեկ անհատ»։ Այսինքն՝ այս կերպ Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են Նիկոլի օրոք հասնել իրենց համար բաղձալի արդյունքին՝ հետագայում բարդություններից խուսափելու նպատակով։
99