Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության հինգ ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել երեք ծառայողի նկատմամբ՝ «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, երկու ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի մասով քննարկումը հետաձգվել է: