Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը ԿԿՀ-ն դեռևս չի տրամադրել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ շուտով կստանան եզրակացությունը և, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն կլինեն հարցազրույցները։
Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր թեկնածուներից չորսի մասին, որոնք հայտերը ներկայացրել էին ժամկետների ավարտին՝ փետրվարի 6-ին, իսկ ավելի ուշ, ինչպես պարզվեց՝ փոստային առաքմամբ փետրվարի 10-ին ստացվել է նաև Գևորգ Քոչարյանի հայտը։
Նշենք, որ Գևորգ Քոչարյանը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է և որպես դատախազ ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։ Բացի այդ, Գևորգ Քոչարյանը եղել է նաև Գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալի թեկնածուներից մեկը, սակայն, դատախազի տեղակալ նշանակվել է մյուս թեկնածուն՝ Էդգար Արսենյանը, որը ներգրավված է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցով մրցութային հանձնաժողովի կազմում։
Ուշագրավ են Գևորգ Քոչարյանի վերաբերյալ մամուլի հրապարակումները, համաձայն որի՝ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Գևորգ Քոչարյանը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի, իր պաշտոնեական գործունեությունը շարունակել է առևտրային ընկերություններում տնօրեն լինելուն զուգահեռ։ Թե ինչպես սա կանդրադառնա նրա բարեվարքության ստուգման վրա՝ պարզ կլինի ԿԿՀ եզրակացությունից հետո միայն։
Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, որոնց արդեն անդրադարձ կատարվել էր, ապա հիշեցնենք, որ թեկնածուներից Արթուր Նահապետյանը ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Նրանց աշխատանքային գործունեությունը ևս փոխկապակցված եղել է՝ սկսած Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքից, ապա՝ ՊՎԾ-ում, իսկ Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց հետո Նահապետյանը տեղափոխվել է ԱԱԾ՝ որպես քննչական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ։ Ավելի ուշ՝ 2023 թ․ մարտի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ նախկին պաշտոնյան նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր, իսկ 2025թ հունվարին դատական համակարգից տեղափոխվել է ՔԿ՝ նշանակվելով ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։ Թեկնածուներից Կարեն Բատիկյանը փաստաբան է, նախկինում՝ դատախազ, Պետրոս Մարտիրոսյանը՝ դատախազությունում շուրջ 10 տարի ծառայությունից հետո՝ 2023թ․-ից զբաղեցնում է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը, իսկ Արտաշես Մաիլյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քննիչն է եղել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում