Տիկին Վարդապետյան, ինձ թվում է Դուք անելիք ունեք, մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսությամբ 44 օրյա պատերազմի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ իրականացնել իրավական ուսումնասիրություն: Այս մասին Աժ-ում ՔԿ 2024 թ-ի գործունեության հաղորդումը քննարկելու ընթացքում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով մայիսի իննին Հանրային հեռուստաընկերության եթերում ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին:
«Գնահատական հնչեցրեք հատկապես մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի և Հիտլերի կառավարման ռեժիմն արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողությունների, ու ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը՝ մի հատ էլ հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է, թե հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում, ընդ որում՝ մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտեր», -ասաց Մինասյանը:
Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել էր. «Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝ նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛ Հայաստանից, և ՛ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»: