Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։
Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:
Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։
Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։