Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է.
Տասնյակ սպորտսմեններ` այսպես կոչված «ուժեղ տղերք» ու իբր Հայաստանի [իրականում չեղած] պատիվը բարձր պահածներ կամ պահողներ տարիներ շարունակ, ոմանք` տասնամյակներ, սնվել են Գագիկ Ծառուկյանի ձեռքից: Ոմանք` սոսկայով` ինչպես արդեն հանգուցյալ սպիտակ առյուծը:
Ու այդ «տղամարդ տղերքից» ու պարծանք աղջկերքից ոչ մեկը` ոչ ոք ծպտուն չհանեց անգամ իրենց սնողի, իրենց կյանքն ու կենցաղն ապահովողի համար: Ոչ ոք:
Միակ ձայն հանողը ու արժանապատիվ ու տղամարդկային կեցվածք բռնողը Ծառուկյանի հետ վատ հարաբերություններ ունեցող` ավելի շուտ շատ վաղուց հարաբերություններ բոլորովին չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր: Միակը: Այն էլ մեկը, որ ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից:
Գագիկ Ծառուկյանին երբեք չեմ համակրել և հիմա էլ չեմ համակրում:
Ինձ համար նա հակահերոս է, հայ հասարակության հերթական ու արդեն անցած շրջանի ցցուն համակարգային ախտանիշներից մեկը` այս հասարակության ծնունդն ու արդյունքը:
Բայց Ծառուկյանի հետ այս սցենարով կատարվողը դուրս է ոչ միայն բարոյականության, այլև իրավականության շրջանակներից:
Ու այն` ինչ այսօր կատարվում է նրա հետ` լինելու է շատ այլոց հետ ևս: Անգամ նրանց, որ այսօր ծափահարում են տեղի ունեցողին:
Բայց այստեղ հետաքրքիր է այն տղերքի ու աղջկերքի (հատուկ չեմ գրում աղջիկներ) մեռելային լռությունը, որ լիովին սպասելի էր:
Խոնարհությունից, հլույությունից, հնազանդությունից ու անսկզբունք մորթապաշտությունից, տեր փնտրելուց ու ամեն նոր ուժեղ տիրոջ տակ վայրկենապես նախկինին ուրանալով պառկելուց միայն կամայնության, տղամարդկության, սկզբունքայնության ու արժանապատվության շոուներ կարելի է ակնկալել: Շոու: Ֆասադ` ցուղադրություն: Բայց ոչ երբեք այդ հատկանիշները:
Մուսկուլը, մուսկուլով գլուխկոնծի տալը, շտանգա պոկել-օդ հանելը կամ դիմացինին գորգի վրա բարեհաջող պառկեցնելը դեռ տղամարդկության կամ կամային կանացիության նշան չէ:
Հատկապես այս հասարակությունում դա հաճախ ողորմելիության, ինքնալլկվածության ու սողունության հարատև ուղեկիցն է:
Ու սա միայն սպորտին չի վերաբերում:
Սա ամենուր է, բոլոր բնագավառներում: Ամենուր: Ամենուր …
Առա´ջ Հայաստան:
Քո փայլուն զավակներով առա´ջ Հայաստան: