«Փաստ» օրաթերթը գրում է.
2021 թ. հուլիսի 27-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Կապան: Ավագ հրաձիգ էր: «Ես Հայկին ճանապարհել եմ բանակ այն ժամանակ, երբ Կառլենը՝ եղբայրը, դեռ բանակում էր: Կառլենս անցել է պատերազմով, ծառայել «Եղնիկներում»: 40 օր իրենից տեղեկություն չենք ունեցել, հետո եկել է արձակուրդ: Եվ պատկերացրեք, որ այս ապրումներից հետո Հայկին եմ ճանապարհել, պատկերացրեք, թե ինչ եմ ապրել: Մինչև բանակ գնալը Հայկս վթարի ենթարկվեց, ծունկը վնասվեց: Ֆուտբոլի պարապմունքներից, խաղերից հետ էր ընկնում: Իրեն առաջարկեցին, որ կարող է ոտքը բուժել և երեք տարի հետո զորակոչվել բանակ: Բայց Հայկը մերժեց այդ առաջարկը. «Ես իմ հասակակիցների հետ կմեկնեմ ծառայության: Ես պետք է ծառայեմ»: Կարծես ներսում ինչ-որ վրեժ ունենար: Չկարողացանք իրեն համոզել, նա կարողանում էր իր խոսքն առաջ տանել»:
Շատ հետո է մայրիկն իմացել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկն էլ մյուսների հետ օգնություն է հավաքել, պաշտպանիչ ցանցեր գործել ռազմաճակատ ուղարկելու համար: «Մեզ հետո պատմեցին, որ արկղերի վրա գրում էր. «Եղնիկներ, Կառլենին, ապե՛ր, զանգի տուն»»:
2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվում նաև Հայկը: «Շատ ծանր վիճակում են եղել՝ շրջափակման մեջ: Ես ու ամուսինս տեղյակ չենք եղել, բայց եղբոր հետ խոսելիս ասել է. «Շրջափակման մեջ ենք, հրամանատարական կազմը խոստացել է, որ հրետանի կաշխատի, մեզ այստեղից դուրս կհանեն»: Վերջին անգամ իր հետ խոսել ենք սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10-11-ի միջակայքում: Ամբողջ գիշեր մարտնչել է: Իր մոտից եկած տղաներն են ինձ պատմել, որ Հայկն իր դիրքը թողել է, գիշերով գնացել և կողքի դիրքին է օգնել, նորից վերադարձել իր դիրք: Զոհվել է այն դեպքում, երբ շատ հանգիստ կարող էր նահանջել: Իր զենքը ինչ-որ պահի խափանվել է, նորակոչիկի ПК-ն է վերցրել, իսկ իրենց ասել՝ դուք նահանջեք, ձեր փոխարեն կկրակեմ: Այդ տղան փաթաթվել էր ամուսնուս ու ասում էր. «Ձեր տղայի շնորհիվ ենք ողջ մնացել, կարողացանք դուրս գալ, որովհետև Հայկը կրակեց»: Նրանց ասելով՝ Հայկն առաջին զոհն է եղել:
Հայկը դիրքում կռվել է մինչև վերջ, անգամ դիրքից դիրք գնալով: Տղաներն են պատմում՝ դիմում էին հրամանատարությանը, որ գործի դնեն հրետանին, քանի որ թշնամին արդեն իրենց դիրքեր էր հասել»: Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Մոտ մեկ շաբաթ անց տուն «վերադարձել» մեր 32 տղաների հետ: «Սեպտեմբերի 13-ի կեսօրին ամուսինս ու եղբայրս Կապանում էին: Պատմում են՝ Ներքին Հանդում զորք կար, երբ հարցրել են, թե ինչո՞ւ չեն բարձրանում դիրքեր տղաներին օգնելու համար, արձագանքել են՝ հրաման չեն ստացել:
Հայկը դիրքապահ չի եղել: Սեպտեմբերի 12- ին՝ ժամը 8-9-ի կողմերը, Ներքին Հանդի դպրոցից մի քանի տղաների բարձրացրել են դիրքեր՝ իբր ինժեներական աշխատանքների, թողել երեխաներին այդտեղ ու գնացել: Դրանից առաջ Հայկը պատմել էր՝ 20 օր դիրք էին բարձրանում, ամեն ինչ կարգի բերում, բայց հաջորդ անգամ նույն դիրքը չէին գնում, որովհետև այն արդեն հանձնված էր, գնում էին ուրիշ դիրք»: Տղաների զոհվելու հանգամանքների առթիվ քրեական գործ է հարուցված: «Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Չգիտենք, թե ում տանք մեր հարցերը, իսկ դրանք այնքան շատ են»:
Մայրիկը հիշում է՝ իրենց բարեկամներից մեկը Հայկին ասել էր՝ եթե պատերազմ լինի, նահանջի: «Բայց Հայկն ասում էր. «Չէ, մենք պիտի հող, երկիր պահենք: Ամեն մեկն իր գլուխը պահելով՝ երկիր չի պահում, մա՛մ ջան: Դու տղուդ ո՞նց գիտես, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»: Հայկը մնաց իր համոզմունքին, որ պետք է հողը պահի: Պայքարող տեսակ էր: Եթե բակում անհավասար կռիվ լիներ, նա չէր վախենում, այդ կռվի կենտրոնում էր: Դասղեկն է պատմում՝ կարող էր ուրիշ աշակերտի համար վիճել ուսուցիչներից ինչ-որ մեկի հետ. «Ընկեր Գրիգորյան, ճիշտը պետք է անցնի»: Նա ճշտի մարտիկ էր: Դրա համար նաև հարգանք էր վայելում շրջապատում: Հանուն ընկերոջ, փոքր ու մեծի ոչինչ չէր խնայում: Նույն հարգանքը նաև ծառայության ժամանակ է վաստակել: Իր գունդը, ծառայակից ընկերներն ասում են՝ նա ավելի բարձր մեդալների է արժանի: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ շնորհակալություն հայտնեցին, բայց պատասխանը կարող եմ մի քանի բառով այսպես ձևակերպել՝ ինչ տվել ենք, դա է»:
Ապրելու ուժի մասին: «Կառլենն է ինձ ուժ տալիս, նա իմ մոտիվացիան է: Իմ միակ ուժն ու հույսն իմ Կառլենն է, իր մեջ Հայկին էլ եմ տեսնում: Ինձ համար Հայկը կա: Հայկին ուրիշ տեղ չեմ կարողանում տեսնել: Իմ ենթագիտակցության մեջ Հայկս դեռ Ներքին Հանդում է: Եթե հակառակի մասին մտածեմ, կարող եմ խելագարվել»:
Հ. Գ. — Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Մերձավանի գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին: