«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետեւյալ հարցերին.
1) Որքա՞ն գումար է հատկացվում Կառավարական առանձնատների՝ 2025 թվականի սպասարկման համար։
2) Ներկայացնել հատկացման բացվածքը՝ համապատասխանաբար տրամադրելով հաստիքացուցակը եւ, ըստ հաստիքի աշխատանքի, վարձատրության չափը (հաստիքը զբաղեցնող անձանց անձնական տվյալները հարկավոր չեն)։
Պատասխանել են կիսատ ու ոչինչ չասող:
Առաջին հարցի պատասխանը թերեւս հստակ է՝ 2025 թվականին դրամաշնորհային անվանումով հատկացվել է 621 մլն 340 հազար դրամ՝ գրեթե 1 մլն 561 հազար ԱՄՆ դոլար։ Այս գումարը 2022 թվականի համեմատ 150 մլն դրամով ավելի է: Թերեւս այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը չմրսի Կառավարական ամառանոցում, ինչպես դժգոհում էր ուղիղ եթերում:
Երկրորդ հարցին ի պատասխան՝ ասվում էր հետեւյալը. «Դրամաշնորհի տեսքով հատկացված գումարը ուղղվում է գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահագործմանը, սպասարկմանը, որի բացվածքը ուղղակի եւ անուղղակի կերպով ենթադրում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց կեցության վերաբերյալ տեղեկատվություն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը պարունակում է պետական գաղտնիք։ Միաժամանակ «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն «Պետական գույքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հարցման պատասխանում։
Կարճ ասած՝ Կառավարական առանձնատան աշխատակազմի հաստիքացուցակը պետական նշանակության գաղտնիք է, ինչպես, օրինակ, զինված ուժերի թիվը։
Հետաքրքիր է, եթե ներկայում իշխանություն դարձած նախկին լրագրողները նման պատասխան ստանային նախկիններից, ինչպիսի՞ արձագանք կտային: Իսկ Փաշինյանն այսքանից հետո փորձում է ձվածեղ պատրաստելով ցույց տալ, թե ժողովրդավար ու թափանցիկ է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: