Հերթական արշավը Հենրիխ Մխիթարյանի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ նա նախ չեկավ Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանից մրցանակ ստանա, ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց՝ այն ստանալու համար, ապա Միլանում արդեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ այս պահին հավաքական վերադառնալ չի պատրաստվում, բայց մի օր կխոսի հավաքականից հեռանալու իր պատճառների մասին:
Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ ազգային հավաքականից
Հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի պատճառները, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մի քանիսն են, և դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին Ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:
«Դրանից առաջ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում, էդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում իր աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրով երթևեկելը զուտ հարմար էր, անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր դրա առավելությունը: Ու դա գիտակցելով՝ սրանք նրանից վերցնում են նրա դիվանագիտական անձնագիրը:
Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Վերջինս հիշեցրեց Մխիթարյանի դեմ սոցցանցերում որոշ իշխանամերձ շրջանակների կողմից իրականացված և կազմակերպված ֆեյքային արշավների մասին:
«Դրան գումարած Ֆուտբոլի ֆեդերացիայում վեր ընկած էդ երկու ոչնչությունները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, «երկրպագուների» հետ միասին կազմակերպեցին ու նիկոլական ֆեյքերով իսկական արշավ իրականացրեցին Մխիթարյանի դեմ: Հիշեք՝ ինչեր էին գրում սոցցանցերում՝ «Հենրիխ Մխիթարյանը երբ խաղում է, մենք պարտվում ենք, երբ չի խաղում, հաղթում ենք» կամ «Ժամանակն է Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը», ու նման բաներ… Ո՞վ չգիտի, որ դրա հեղինակը Մելիքբեկյանն ու Նիկողոսյանն էին: Մտածում էին՝ առանց Հենրիխ Մխիթարյանի կկարողանան ինչ-որ մեծ խնդիրներ լուծել»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Ովքե՞ր են Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվողները
«Ինձ համար ամենասարսափելին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի նման հայրենասեր տղային հայրենասիրության դասեր է փորձում տալ մի մարդ, որը մնացել է «Սամվել» վեպի տակ. երևի շատ է կարդացել: Ո՞նց կարող է մարդը չսիրել իր ծնողին՝ մորը, ու սիրել հայրենիքը: Դա ինձ համար անթույլատրելի է»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի մասին Արման Բաբաջանյանի գրառմանը:
Նա նաև ուշագրավ այլ բացահայտումներ արեց:
«Արման Բաբաջանյանը, լինելով տարբեր երկրների գործակալ, նաև դավաճան, իր մոր վրա ցուցմունք է տվել, դրա համար մոր արժեքը չգիտի ու մոր արժեքն իմացող մարդուն փորձում է հայրենասիրության դասեր տալ»,- նշեց ՀՖՖ նախկին նախագահը:
Ռուբեն Հայրապետյանն աբսուրդ համարեց այն, որ Հենրիխ Մխիթարյանին Հայրենիքը սիրելու դասեր կարող են տալ հայրենիքին իրենց գիտակցական կյանքում որևէ օգուտ չտված մարդիկ, և սա այն դեպքում, երբ Մխիթարյանը մշտապես բարեգործություն է արել, այդ թվում՝ Արցախում, օգնել վիրավոր զինվորներին:
«Չթվարկեմ՝ ինչքան բան է արել: Դեռ 20-21 տարեկանից, երբ Մխիթարյանը բազմաթիվ բարեգործություններ էր անում, Արման Բաբաջանյանն իր հարազատ մոր դեմ ցուցմունք էր տալիս: Ես կդադարեի հարգել Հենրիխ Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր հետ նման կերպ են վարվել: Չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստ լինելը, առավել ևս՝ ավագի թևկապ կրելն աշխատանք է: Նա ո՞նց պիտի աշխատեր այն մարդկանց հետ, ովքեր իր մորը չեն թողնում մտնի Ֆեդերացիայի շենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հենրիխ Մխիթարյանի մոր՝ Մարինա Թաշչյանի մասին
«Մարինա Թաշչյանը պատահական մարդ չէ ֆուտբոլում: Մխիթարյանի մայրը Ֆեդերացիայի 4 նախագահների հետ է աշխատել: Կարևոր մի բան ասեմ: Մխիթարյանի մայրը մինիմում 4-5 անգամ իմ նախագահության տարիներին ցանկացել է ազատվել աշխատանքից. ես եմ իրեն համոզել, որ մնա, աշխատի: Մարինա Թաշչյանի նման աշխատող այսօր ֆեդերացիայում չկա: 5-6 տղամարդու աշխատանք էր կատարում: Այդ կարգի աշխատասեր կին ես Հայաստանում շատ քիչ եմ պատկերացնում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Եվ կրկին՝ Մխիթարյանին հայրենասիրության դասեր տվող Արման Բաբաջանյանի մասին
«Նա չգիտի՝ ինչ է հայրենիք, ծնող, ո՞րն է հայրենիքի ու ծնողի արժեքը: Նորից եմ կրկնում՝ ես կդադարեմ հարգել այն մարդուն, ով կասի՝ իմ ծնողներից շատ իմ հայրենիքն եմ սիրում: Չի կարող նման բան լինել: Եթե մարդն իր ծնողներին չի սիրում, չի կարող սիրել իր հայրենիքը: Իսկ Արթուր Ալեքսանյանը պիտի զգույշ լինի. Հայաստանում ում պարգևատրում են, հետո կալանավորում են…»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Արման Բաբաջանյանի գրառումը հավանած՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մասին
«Ես ափսոսում եմ, որ Եղիշե Կիրակոսյանը նման բան է արել: Նրա հայրը եղել է իմ դասախոսը: Մտերիմ հարաբերություններ եմ ունեցել իրենց ընտանիքի հետ: Ես ափսոսում եմ, որ Եղիշեն կարող է իր մակարդակն այնքան իջեցնել, որ իր նման տղան լայքի Արման Բաբաջանյանի գրառումները, այն էլ՝ այդ բովանդակությամբ: Եղիշեին մանկուց եմ ճանաչում: Կիրթ, ինտելիգենտ, դաստիարակված, փայլուն ընտանիքում ծնված տղա է: Կապ չունի, որ էսօր ինքը Նիկոլի իշխանության համար է աշխատում, ինքն իր գործն է անում, բայց իջնել այնքան, որ լայքես Արման Բաբաջանյանի նմանի գրառումը, ինձ համար սարսափելին, զզվելին ու տհաճը դա է: Մենք այնքան ենք արժեզրկել ամեն ինչ, այնքան ենք իջեցել կիրթ, գրագետ մարդկանց նշաձողը, որ դասալիք, այլ երկրի ագենտ, դավաճան, մոր վրա ցուցմունք տվող մարդու գրառումը կարող է Կիրակոսյանը հավանել: Արման Բաբաջանյանը դեռ պետք է պատասխան տա՝ ինչպես է Շուշիում ուղղություն տվել, որ խփեն կոնկրետ տեղերի: Կգա ժամանակը, կասեմ: Նա նաև պատերազմի հանցագործ է»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինս հիշեցրեց նաև, որ Եղիշե Կիրակոսյանի համար ցավում է հատկապես, որ նրա նախնիները սասունցի են՝ «Սասունցի լինելով՝ դավաճանների լայքել: Դա կատաստրոֆա է»,- ասաց նա:
Ի՞նչ կապ կա Մխիթարյանի գործողությունների ու Ռուբեն Հայրապետյանի անձի միջև
«Այս տգետները Հենրիխ Մխիթարյանին լավ չեն ճանաչում: Նա այն անձնավորությունն է, ու ֆուտբոլը նրա համար այնպիսի արժեք է, որ 10 Հայրապետյան էլ լիներ, եթե Հենրիխ Մխիթարյանն ուզենար գալ ու խաղալ հավաքականի կազմում, նա գալու էր ու խաղար: Հենց Հենրիխ Մխիթարյանը ոտքը դնում է կանաչ խոտի վրա, դիմացն ով էլ լինի՝ փորձելու է հաղթել… Ինքն այդ հոգեբանությունն ունի: Ինքն այդպես է ապրել: Մարդկանց թվում է՝ ինչ-որ մեկը կարող է ուղղորդել Մխիթարյանին, ազդել նրա որոշումների վրա: Ազնվորեն եմ ասում՝ չարաչար սխալվո՛ւմ են: Հենրիխը կիրթ, խելացի, հասուն տղամարդ է, ով կարող է շատ ու շատ մարդկանց դասեր տալ: Ավելին, ինքը հիմա կարող է նաև ինձ խորհուրդներ տալ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Կգա՞ արդյոք Հենրիխը երբևէ ազգային հավաքական
«Իմ երազանքն է՝ Հենրիխ Մխիթարյանին տեսնել ազգային հավաքականում: Կլինի դա ավագի թևկապո՞վ, թե՞ ֆուտբոլը ղեկավարելով, բայց Հենրիխ Մխիթարյանը պիտի լինի մեր ֆուտբոլի առաջատարն ու տանի իր հետևից: Ի՞նչ կարգավիճակով՝ թևկապով ավագի՞, թե՞ Ֆեդերացիայի նախագահի, էական չէ:
Հենրիխը նեղացկոտ չէ, ոչ էլ որևէ մեկից նեղացել է: Ուղղակի ինքը շատ լավ գիտակցում է՝ ֆեդերացիան կարող է այնպիսի մթնոլորտ ստեղծել իր համար, որ ինքը պարզապես չկարողանա ֆուտբոլ խաղալ, ինչպես որ արել էին: Հենրիխը չի հրաժարվել հավաքականից. նա հրաժարվել է այն մթնոլորտից, որը ստեղծվել է իր շուրջ:
Ֆուտբոլիստը, մարզիկն առհասարակ, առաջին հերթին պետք է պատրաստ լինի ֆիզիկապես և հոգեբանորեն: Հիմա եթե պիտի հոգեբանորեն կոտրեն այդ տղային, իրենց լակոտներով, ֆեյքերով տարբեր բաներ գրեն, թիրախավորեն, ո՞նց խաղա…»,- նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
36 տարեկանում Եվրոպայի թոփ առաջնության չեմպիոն թիմի հիմնական կազմի խաղացող
«6 տարեկանից Հենրիխին ճանաչում եմ: Նա մարզվել է «Փյունիկ» ակումբում, որի սեփականատերը եղել եմ ես: Էդ տարիքում չէի կարող կանխատեսել նրա փայլուն կարիերան, բայց 16-17 տարեկանից, երբ մի անգամ անձնական զրույցում ինքն ինձ ասաց՝ ես կապացուցեմ, որ ես ուժեղ ֆուտբոլիստ եմ ու լավ ֆուտբոլ եմ խաղալու, ես հասկացա՝ նա մեծ ֆուտբոլիստ է դառնալու ու մեծ ակումբներում է խաղալու: Հենրիխը հայկական ֆուտբոլի՝ իմ իմացած միակ ֆուտբոլիստն է, ում երբեք գումարը չի հետաքրքրել, այլ թոփ ակումբում խաղալը: «Անժիի», «Սպարտակի», այլ ակումբների առաջարկները՝ վառ օրինակ: Ես դեռ սրանից 5-6 տարի առաջ եմ ասել Հենրիխին՝ դու պիտի մինչև 40 տարեկան խաղաս: Հենրիխը սուպերպրոֆեսիոնալ է, հետևում է իր սննդակարգին, ռեժիմին, կարգապահ է, ինտենսիվ մարզվում է, ի տարբերություն շատ-շատերի: Եվ, ամենակարևորը, իր գործն է շատ սիրում, ոչ թե կողմնակի զվարճանքները»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Ի՞նչ է սպասվում հայկական ֆուտբոլին
«Երբ Ֆեդերացիան շուտ ազատվի տոտալիզատորի այդ երկու գեներատորներից՝ Արմեն Մելիքբեկյանից և Արմեն Նիկողոսյանից, ովքեր Խորեն Հովհաննիսյանի հետ միասին ծախում ու քանդում են հայկական ֆուտբոլը, կարելի է խոսել մեր ֆուտբոլի վերածննդի մասին: Քանի սրանք նստած են Ֆեդերացիայի ղեկին, ոչ մի լավ արդյունք հնարավոր չէ սպասել: Հայրենասիրությունից են խոսում: Ի՞նչ հայրենասիրությունից եք խոսում, երբ Թուրքիային ու Ադրբեջանի զինվորին գովող մարդն այսօր ՀՖՖ նախագահն է (Արմեն Մելիքբեկյանը՝ իր epress.am կայքով.- Գ.Ս.): Նա ո՞նց պիտի առաջ տանի մեր հավաքականը, երբ ավելի բարձր է գնահատում մեր թշնամուն: Ֆեդերացիայի նախագահը, ի վերջո, միայն փող լափելու համար չէ Ֆեդերացիայի նախագահ: Ֆեդերացիայի նախագահը պետք է կարողանա այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ֆուտբոլիստները հավատան իրեն ու գնան իր հետևից: Տերերի հետ միասին, քամանչան առած, Ալիև են գովում… Ո՞նց հավատան էս մարդուն, ով մեր երեխեքին կոտորած թշնամուն բարձր է դասում… Մի հատ էլ լեգենդ են սարքել, ժամանակ առ ժամանակ Խորեն Հովհաննիսյանին դեմ են տալիս, նա էլ նույն երգն է երգում՝ նախկինները թալանել են ֆեդերացիան… Շուտով կտեսնեն՝ ով է իրականում թալանել Ֆեդերացիան»,- եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը: