«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վահեն Նարեի ավագ եղբայրն է: «Բնավորությամբ շատ հանգիստ էր, ժպիտը միշտ դեմքին: Բոլորին ուզում էր ուրախացնել, կատակներ էր անում: Ամեն տարիքի մարդու հետ կարող էր շփվել, մեծի հետ մեծի պես, փոքրի հետ յուրովի: Կատակասեր ու հումորով լինելուն զուգահեռ կարող էր նաև շատ լուրջ լինել»,-այսպես է սկսվում Նարեի ու իմ զրույցը, երբ սկսում ենք խոսել Վահեի մասին: Հարցնում եմ եղբոր բնավորության ո՞ր գիծն է առաջինը մտաբերում, երբ մտովի տեղափոխվում է Վահեի հետ միասին անցկացրած օրեր: «Շատ նեղացկոտ էր»,
-նշում է
Նարեն, ու երկուսս էլ ակամա սկսում ենք ծիծաղել: Քույրիկը հավանաբար ինչ-որ դրվագ է վերհիշում, դե, իսկ նայելով Վահեի ժպտացող լուսանկարներին, մտովի փորձում եմ պատկերացնել ծիծաղկոտ ու անդադար կատակող Վահեին, որը հանկարծ որոշում է բոլորից նեղանալ:
«Բայց նաև շատ համառ էր, եթե ինչ-որ բան ասում էր, ուրեմն իր ասածով պետք է լիներ»,- հավելում է Նարեն: Հետո արդեն տեղափոխվում ենք դեպի մանկություն: Վահեն ծնվել է 2001 թ.-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ էլ անցել է քույրիկի ու եղբոր մանկությունը:
«Ֆուտբոլ շատ էր սիրում և՛ խաղալ, և՛ դիտել: Ամեն օր խաղում էինք»,-ասում է Նարեն: Դպրոցում Վահեն վատ չի սովորել նորմալ գնահատականներով, քույրիկը հավելում է շատ էր սիրում ֆիզկուլտուրա առարկան, բացի դա, տարբեր միջոցառումների էր մասնակցում, վիկտորինաներ, մրցույթներ, ասմունքում էր. «Վերջինին չէր ուզում մասնակցել, բայց երբ մայրիկն ասում էր, որ պետք է գնալ, գնում էր, մամային չէր մերժում, չէր ուզում նեղացնել ու անպայման մասնակցում էր միջոցառումներին»:
Վահեն սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել Երևան և արդեն մայրաքաղաքի Գրիգոր Զոհրապի անվան համար 97 ավագ դպրոցում էլ շարունակել ու ավարտել է ուսումը: Քույրիկի խոսքով, եղբայրն ուզում էր հայրենի գյուղում սեփական բիզնես հիմնել, այն է ոչխարաբուծությամբ զբաղվել. «Ասում էր դա եկամուտ բերող բիզնես է: Իր նպատակները կապված էին սեփական բիզնեսի հետ: Մեկ էլ միշտ ասում էր քաղաքում սեփական տուն կունենամ, դու ու մաման քաղաքում կապրեք, դուք քաղաքը սիրում եք, իսկ ես գյուղում բիզնեսով կզբաղվեմ: Բայց ինքը քաղաքը չէր սիրում, գյուղն էր շատ սիրում: Անգամ Երևանում դպրոցում սովորելու տարիներին ուրբաթ օրերը պարտադիր գալիս էր գյուղ, հետո կիրակի վերադառնում քաղաք: Գյուղի հետ շատ կապված էր»:
Վահեի հայրական կողմի պապիկի եղբայրը Վասակ Մխիթարյանը, զոհվել է 1992 թ.ին սահմանամերձ Այգեպար գյուղի պաշտպանության մարտերի ընթացքում։ Իսկ մորեղբայրը Արթուր Մանուչարյանը, 1990-2007 թթ. ընթացքում ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, այժմ պահեստազորի սպա է, կապիտան։ Վահեն չէր կարող այլ հոգեբանությամբ ու մտածելակերպով մեծանալ, քան այն, որ հայրենիքից ավելի կարևոր արժեք չկա, իսկ զինվորական ծառայությունը պատիվ է: Վահեն 2019 թ. հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ, Արմավիրի մարզի ուսումնական 4-րդ գումարտակում ստացել մեխանիկ-վարորդի մասնագիտություն ու տեղափոխվել Արցախի Հանրապետության Իվանյանի տանկային զորամաս։ Վահեն տանկիստ էր: Քույրիկն ասում է նախքան ծառայության մեկնելն այնքան ոգևորված էր, շատ էր ուզում ծառայել: «Ասում էր իսկական տղեն պիտի ծառայի, ուրիշ տարբերակ չկա: Ժպիտը, որի մասին խոսեցինք, բանակի ու ծառայության մասին խոսելիս էլ իր դեմքից անպակաս էր: Երբ արդեն ծառայում էր, բնականաբար, ամեն օր մեզ հետ խոսել է: Երբեք որևէ առիթով չի դժգոհել, ամեն ինչից գոհ էր»:
Պատերազմի առաջին իսկ օրերից Վահեն ներգրավվել է պատերազմի մեջ: Քույրիկի խոսքով ամեն օր զանգահարել է տուն, զրուցել, միշտ ասում էր մա՛մ ջան, կռվի տեղից հեռու եմ, չեմ մասնակցում կռվին: Իհարկե, մեզ էր հանգստացնում, շատ հետո արդեն իմացանք, որ հենց առաջին օրից մասնակցել է ռազմական գործողություններին: Զանգում էր այնպիսի պահերի, երբ իր շուրջբոլորը լռություն էր լինում, որ հանկարծ պայթյունների ու կրակոցների ձայներ չլսենք»: Երբ Նարեի պատմածի հետ զուգորդում ես արդեն փաստական տվյալները, պարզ է դառնում հետևյալը. ժամկետային զինծառայող Վահե Մխիթարյանը 44-օրյա պատերազմի առաջին օրերից որպես տանկիստ մասնակցել է մարտական գործողություններին։ Նրա խիզախության մասին է փաստում հետևյալ դրվագը. թշնամուն պատճառել է մեծաքանակ մարդկային կորուստ, թափանցելով նրանց դիրքերը առգրավել է երկու տանկ: Վահեն ծնողների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 29-ի երեկոյան: 33 օր կռիվ է տվել թշնամու դեմ, նահատակվել է հոկտեմբերի 30-ի առավոտյան ԱԹՍ-ի հարվածից»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: