«Հրապարակ» թերթը գրում է.
«Հինգշաբթի օրը ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի»-ին հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, լուծարվում է: Պատճառը հավանաբար այն է, որ ամբիոնի վարիչ՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Ամիսներ առաջ էլ աշխատանքից ազատել էին ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ բոլոր այլախոհներին վտարում են բուհից:
Նիկոլ Փաշինյանի իշխանավարման 8 տարիներին տարբեր բուհերից, այդ թվում՝ ԵՊՀ-ից, բազմաթիվ դեկաններ եւ դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար: Անուշ Սեդրակյանը մեզ փոխանցեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Սեդրակյանը նշում է, որ եթե ամբիոնը լուծարվի, դիմելու է դատարան:
ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ այս որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է: Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների մի մասին ասվել է, որ կշարունակեն աշխատել Հայ բանասիրության ֆակուլտետում, մյուս մասը` Անգլիական բանասիրության ամբիոնում:
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբիոնի լուծարումը ոչ միայն հարված է կրթական համակարգին եւ ուսանողներին, այլեւ այդ ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքների կոնկրետ ոտնահարում է, քանզի օրենքն ասում է, որ նախ պետք է ամբիոնի աշխատակիցներին ծանուցել այդ որոշման մասին, հետո նոր միայն հարցը դնել քննարկման:
«Ես որեւէ նման ծանուցում չեմ ստացել, ինչը պնդում եմ` ամրագրված է օրենքում: Չի կարելի որոշումը կայացնել, հետո նոր միայն ծանուցել դրա մասին: Թեպետ մինչ այս պահն էլ մենք որեւէ ծանուցում չենք ստացել: Ստուգել եմ իմ էլեկտրոնային հասցեն: Մինչդեռ աշխատանքի ընդունելիս օրենքը մեզ լրիվ այլ բան է ասում` այս ամենի ճիշտ հակառակը: Սուրհանդակ են ուղարկում տիկին Անուշ Սեդրակյանին, եւ նոր միայն ամբիոնի կազմը տեղեկանում է այդ մասին, ինչպե՞ս կարելի է: Մենք այսպե՞ս ենք գնում դեպի Արեւմուտք, այսպե՞ս է Երեւանի պետական համալսարանը փորձում միջազգային բուհի ստատուս ձեռք բերել: Ես՝ որպես այդ ամբիոնի դոցենտ, պնդում եմ, որ խախտվել են իմ իրավունքները թե՛ Աշխատանքային օրենսգրքի առումով, թե՛ բուհի կորպորատիվ էթիկայի: Մեր մտայնությունն այն չէ, որ գործազուրկ ենք մնալու, ոչ, պարզապես այս միավորը` Արտասահմանյան գրականության ամբիոնը, պետք է մնա մայր բուհում: Ութ հոգանոց ամբիոն է` 120 աշխատող չկա մեր ամբիոնում, կարելի էր, չէ՞, կորպորատիվ էթիկան գոնե պահպանել: Ամբիոնն ունի մագիստրոսական ծրագիր, ունենք ուսանողներ, ի՞նչ ճակատագրի են արժանանալու այդ ուսանողները: Միջազգային բուհերի ցանկ կա, կարո՞ղ եք ինձ ասել, թե որ առաջատար բուհում կարող են այսպես վարվել ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Կան բարեվարքության կանոններ: Դրանցից ոչ մեկը, փաստորեն, չի պահպանվել: Միջազգային համալսարանների կանոնակարգերն ասում են, որ բուհի ղեկավարները՝ անկախ սեռից, ռասայից ու ամեն ինչից, պարտավոր են համագործակցել իրենց աշխատակիցների հետ, իսկ դա ենթադրում է կորպորատիվ էթիկա, ինչը ես չեմ տեսնում: Հունիսի 11-ին է այդ ամենը տեղի ունեցել: Ցանկացած բուհում բեռնվածությունը նախապես արդեն գիտեն աշխատակիցները, արդյոք կարելի՞ էր ամռանը մարդկանց նման փաստի առաջ կանգնեցնել: Գուցե ես չեմ հարմարվում այն պայմաններին, որոնք ինձ առաջարկելու է ԵՊՀ ղեկավարությունը, եւ հեռանում եմ բուհից, ի՞նչ պետք է անեմ: Իսկ նրանց առաջարկն ամբիոնի կազմալուծումն է, քանի որ չունենք բավարար ժամաքանակ, եւ ժամերի բաշխվածությունը կանոնակարգի հետ հակասության մեջ է: Ի դեպ, ժամաքանակի քիչ լինելը պայմանավորված չէ նրանով, որ մենք քիչ ուսանող ունենք` ոչ, ուղղակի պարբերաբար ուսումնական ծրագրերից կրճատում են «Արտասահմանյան գրականություն» առարկան: Ասում են, որ ուսանողին գրականություն, այն էլ` արտասահմանյան գրականություն, առհասարակ պետք չէ: Այդ դեպքում ի՞նչ է պետք բուհական ծրագրին: Ես իմ ուսանողներին հաճախ եմ ասում՝ եթե ուղղակի ուզում եք լեզուներ սովորել, կարող եք ինչ-որ ուսումնական կենտրոնում մի քանի ամսում սովորել, ինչո՞ւ եք 800 հազար եւ ավելի դրամ վճարում համալսարանին, եթե ձեզ միայն լեզու է հարկավոր: Համալսարանի ղեկավարությունը գնում է այս ճանապարհով: Բուհական կրթությունը փորձում է դարձնել սովորական դասընթաց, որտեղ չկա փիլիսոփայություն, չկա լեզվաբանագիտություն, չկա գրականություն, եւ այսպես շարունակ»:
Ամբիոնի երկարամյա նախկին դասախոս, գրող Հենրիկ Էդոյանն էլ մեզ հետ զրույցում ասում է. «Շատ վատ, սխալ որոշում է: Նոր եմ իմացել լուրը, համալսարանը չի կարող առանց այս ամբիոնի գոյատեւել: Ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Արտասահմանյան գրականությունը մի շարք ֆակուլտետներում մասնագիտական առարկա է, ստացվում է, որ էլ չե՞ն կարդալու գրականություն: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես են այլ ամբիոնի միացնելու, օրինակ՝ հայ գրականության հետ ի՞նչ կապ ունի արտասահմանյան գրականությունը կամ՝ ռուս գրականության հետ: Համալսարանի հիմնադրման օրվանից գործում է այդ ամբիոնը եւ պետք է շարունակի գործել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում