Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում՝ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։