19 Փետրվարի, 2022

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Դավինչի» տուրիստական գործակալության ղեկավար Գրիգոր Սարգսյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը մերժել է եւ նրան ազատ արձակելու որոշում կայացրել։ Այս մասին ասել է այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ստացած, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Իմ տեղեկություններով՝ նա արդեն ստեղծել է տուրիստական նոր գործակալություն. այդ դեպքում ես չեմ բացառում նոր զոհերի առկայություն։ Սրանում մեծապես մեղավոր են վարույթն իրականացնող եւ գործին նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները։ Այս քրեական գործը վարույթն իրականացնող մարմինը պետք է վաղուց ավարտեր եւ ուղարկեր դատարան, բայց այդպես էլ չուղարկեց»,- ասաց Ասլանյանն ու հավելեց, որ այս գործի նախաքննությունն անհարկի է ձգձգվում։

Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ Գրիգոր Սարգսյանը կալանքի տակ է գտնվել 4 ամիս։ Նա կալանավորվել էր գործից թաքնվելու եւ գործին խոչընդոտելու հիմքերով։

Նշենք, որ այս քրեական գործով տուժողի կարգավիճակ ունեն 130 քաղաքացի։ Գրիգոր Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հիշեցնենք, ոչ Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը, մի քանի այլ աշխատակիցների հետ, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով, խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ։

kotayk

Լրահոս