«168 ժամ» թերթը գրում է.
«ԱԺ փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը: Factor.am-ի տեղեկություններով այսուհետեւ այդ աշխատանսենյակը պետք է զբաղեցնի Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը չի հերքել այս տեղեկությունը նշելով. «Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի:
«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, ԱԺ-ն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների ու սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել եւ չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը եւս անմխիթար վիճակում էր, եւ ԱԺ-ն վերանորոգում է այն»,-ասել է Սիմոնյանը:
Մինչդեռ ԱԺ աշխատակազմից տեղեկացրել են, որ ԱԺ-ն Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել:
Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն գործընթացը կիսատ է մնացել: ԱԺ աշխատակազմից փոխանցել են, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հատկացնելու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում