12 Փետրվարի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է.

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, արդեն շուրջ 300 համակիր ունի։ Նրանց են միացել նաեւ Փաշինյանից մինչեւ հոգու խորքը հիասթափված ՔՊ-ականներ, իշխանության երբեմնի աջակիցներ։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը։

«Շատ տարբեր հայացքներ ունեցող մարդիկ են միացել` թե՛ մեր շրջապատից, թե՛ իրազեկման արդյունքում կուսակցության հիմնադրման մասին տեղեկանալուց հետո։ Կան մարդիկ, ովքեր ժամանակին ՔՊ-ի համակիր են եղել, հիմա միացել են մեզ։ Այն մարդիկ են, ովքեր այս ընթացքում հորս հետ կապված հայտնի իրադարձությունների մասով համակարծիք չեն իշխանությունների հետ, միացել են մեզ։ Մի քանի նախկին ՔՊ-ականներ էլ կան, ովքեր եղել են կուսակցության անդամ»,- ասաց նա։

Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնադրած Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը տեղի ունեցավ շաբաթ օրը։ Համագումարի օրը մեզ հետ զրույցում Աղազարյանն ասել էր՝ իրենց առաջնահերթությունների մեջ է ամեն ինչ անելը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չվերընտրվի։ Հակոբ Ասլանյանը ցավով արձանագրեց․ «Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, եւ մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն: «Քաղաքացիական պայմանագիր» թիմն արդեն գոյություն չունի, որովհետեւ մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ համարվել»։ Հակոբ Ասլանյանն ընդգծեց՝ ժողովուրդը պիտի իմանա, թե իրենք ովքեր են, ինչու են գալիս։ Ժողովուրդն արդեն ճանաչում է իրենց եւ մինչեւ վերջերս տեսել է այն իշխանության կողքին, որի օրոք Արցախը կորցրինք, ունեցանք հազարավոր զոհեր, ինչպե՞ս կրկին վստահեն ՔՊ-ից հեռացված պատգամավորներին, երբ այս ողբերգությունների ժամանակ աջակցել են Փաշինյանին. մեր այս դիտարկմանը Ասլանյանը պատասխանեց․ «Դուք ճիշտ չեք ասում, այս իշխանությունների մեղքը Ձեր ասած բոլոր բաներում չկա։ Մեղավոր են նրանք, ովքեր երկիրը հասցրին այդ վիճակին, բանակը թալանեցին, ոչնչացրին, հետո եկավ նոր իշխանություն։ Մեկ էլ ինձ մոտ չասեք՝ այս իշխանության ժամանակ այսպիսի բաներ կատարվեցին, դրանում մեղավոր են նախկինները, միայն նրանք»։ Իսկ ինչո՞ւ պատերազմը եղավ Նիկոլ Փաշինյանի օրոք,  որովհետեւ, ըստ Ասլանյանի, Ալիեւը հասկացել էր, որ Հայաստանը շատ թույլ վիճակում է, իսկական պահն է եկել։ «Ալիեւը հասկացավ, որ Հայաստանն արդեն ի վիճակի չէ պաշտպանել»,- նշեց նա։ Զարմանալի զուգադիպությամբ, Ալիեւը Փաշինյանի՝ իշխանության գալու միայն երրորդ տարում հասկացավ, որ Հայաստանը շատ թույլ վիճակում է։ Ասլանյանն այս դիտարկումից զայրացավ եւ չցանկացավ պատասխանել։ «Թողնենք, ես չեմ ուզում դրան բացատրություններ տալ»,- ասաց՝ չկարողանալով հիմնավորել նախկիններին ուղղված իր մեղադրանքները։ Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի մեծագույն մեղքը․ Հակոբ Ասլանյանը չունի սրա պատասխանը։ Ասաց՝ «մեղք» բառը մի ասեք, ասեք՝ սխալները։ «Սխալը նրա կադրային քաղաքականությունն է»,- նշեց նա, սակայն չմասնավորեցրեց, թե կոնկրետ ՔՊ-ականներից ում գոյության հետ հաշտ չէ ինքը։

Հովիկ Աղազարյանի որդուց` Հովսեփ Աղազարյանից էլ հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքով ՀՀ-ի ամենամեծ կորուստը ո՞րն է եղել, ասաց՝ կդժվարանամ ասել, մինչդեռ ինքն էլ է վստահ՝ Արցախի կորստի մեջ Փաշինյանը մեղավոր չէ։

«Եղել են ձեռքբերումներ եւ բացթողումներ։ Ցավոք, վերջին շրջանում ավելի շատ ձախողումներ են եղել, իսկ դա ինչ-որ իմաստով բնական գործընթաց է, քանի որ երբ որոշումները սկսում է ընդունել մեկ անձ, սխալվելու հավանականությունը մեծանում է։ Ես անկեղծ կլինեմ՝ 2018-ից այսօր մեզ համար ամենացավոտ կորուստը՝ Արցախի կորուստը, չեմ կապում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Սա ամենացավոտ հարցն է, որի շուրջ պետք է դիրքորոշում ունենալ, եւ մեր դիրքորոշումը սա է»,- ասաց նա։ Խոսելով եղբոր քրեական գործից` կապված ավտոներկրման հետ, ասաց․ «Քրեական գործի հետ կապված գործընթացների աշխուժացումը համընկավ պարոն Աղազարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ»։ Չի բացառում, որ այդ քրեական գործով իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Հովիկ Աղազարյանի նկատմամբ՝ մանդատը վայր դնելու համար։
«Այո, դա կարելի է համարել ճնշում, բայց ես շատ կուզեի հավատալ, որ երկրի ղեկավարն անձամբ որեւէ միջամտություն չի ունեցել։ Վատ սովորույթների համաձայն` միգուցե համակարգի աշխատողները, իրավիճակը վերլուծելով, գնահատելով, իշխանությանը հաճոյանալու համար են սա անում»,- ասաց նա։

Աղազարյանի որդուն հիշեցրինք, որ երբ հայրը հրաժարվեց կատարել մանդատը վայր դնելու Փաշինյանի պահանջը, վերջինս ԱԺ ամբիոնից սպառնաց․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել՝ Հովիկ Աղազարյանին հեռացնել իր շարքերից, այդ թվում՝ հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով։ Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն՝ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար»։ Կրտսեր Աղազարյանը կրկին փորձեց արդարացնել. «Պարոն Փաշինյանի ասածը համարում եմ էմոցիոնալ պոռթկում»:

Լրահոս