Պայքարելով վարչակազմի դեմ` դու պաշտպանում ես ընտանիքդ
Եվ սա ոչ այնքան զգացական առումով, որքան տրամաբանական իմաստով։
Որովհետև պետության, հայրենիքի, երկրի, ազգի և նման հասկացությունների պաշտպանության համար ընդհանուր մոտեցում֊մարտավարություն է պետք։ Այսինքն, իշխանությունը կազմակերպում և կառավարում է քաղաքացիների շարժման ընթացքn այնպես, որ դա նպաստի պետության անվտանգության ապահովմանը։
Օրինակ, դու ունես մարտունակ և զինված բանակ՝ ասենք թե 100.000 և ավելին, որին թիկունք է կանգնում աշխարհազորը` 500.000 և ավելին։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր չափահաս և ունակ քաղաքացի (դիցուք՝ 18֊50֊55 տարեկան) ազդանշանի դեպքում պետք է հստակ իմանա, թե որ զինավան պիտի ժամանի իր զենքը, համազգեստը և հրամանները ստանալու համար։ Գրում եմ քաղաքացի, քանի որ սույնը նաև կանանց կարող է վերաբերվել եթե ոչ մարտական, ապա առնվազն օգնական և օժանդակ ազդեցության առումով։
Նման դեպքում թշնամին կիմանա, որ, հարձակվելով ՀՀ֊ի վրա, հանդիպելու է Զինված ուժերի (այստեղ նաև մյուս ուժայիններին էլ տեսնենք) աննահանջ դիմադրությանը, իր թիկունքում սպասելու է անսպասելի գործողություններին և եթե նույնիսկ կարողանա ճեղքել Հայաստանի սահմանը, ապա պիտի քաջ գիտակցի, որ Հայկական պետության ներսում նրա վրա կրակելու են կես միլիոնից մինչև յոթ հարյուր հազար մարդ։ Հաշվի առնելով բնակչության թիվը, որը մոտ է երեք միլիոնի, վերոնշված քանակը կարող է շատանալ։
Երկրորդ գրավականը դիվանագիտական կորպուսի այն աշխատանքն է, որը մեզ պիտի համոզի, թե բանակցություններն այն բարձր մակարդակի վրա են, որ նույնիսկ իմաստ էլ չկա պատերազմի մասին խոսելու։ Որ այն հեռու ու անիրատեսական մի բան է, և որ մենք երբեք ավելի մոտիկ չենք եղել խաղաղության հաստատմանը, քան այսօր։
Երրորդ պայմանն այլ պետության կամ պետությունների առկայությունն է, որը կամ որոնք երաշխավորում են Հանրապետության անվտանգ ամբողջականությունը և հարկ եղած դեպքում կմիջամտի (են) ոչ միայն խոսքով, այլ` զորքով։
Այս երեք կետերն էլ փշրված վիճակում են։ Պաշտպանության և անվտանգության համակարգը փլուզված֊չվերականգնված է։ Այսօր որևէ մեկը չի կարող համոզել և հիմնավորել, որ Զինված ուժերն ունակ են պետությունը պաշտպանել, մարդկանց անվտանգությունը ապահովել։
Չկա աշխարհազոր, քանի որ չի վարվում բնակչության ռազմական պատրաստվածության քաղաքականություն։
Դիվանագիտական կլիմայում միապաղաղություն չկա, և կա գույնզգույն աշխուժություն, բայց բացակայում է արդյունքը։ Ադրբեջանը ոչ միայն չի երկխոսում Հայաստանի հետ, այլև իրեն պահում է այնպես, կարծես չի նկատում մեր երկիրն ու մեր փոխարեն ու մեզ ուղղված իր կոշտացող ու շարունակվող պահանջները քննարկում է այլ պետությունների հետ։ Սահմաններին նշմարվող այս հանգստությունը, որը ոչ այդքան Հայաստանի ճկունության, որքան արտաքին խաղացողների կողմից շահերի և ռիսկերի գնահատման, հաշվարկման, համադրության և պատահականությունների բացառման հետևանք է, կարող խախտվել, որովհետև զսպման լծակ չկա` ոչ ներքին, ոչ արտաքին։
Հայաստանը չունի ուղղակի կամ անուղղակի դաշնակիցներ և դե ֆակտո չի գտնվում որևէ տնտեսական կամ անվտանգային մեկ միասնական համակարգում։
Իբրև առանձին միավոր՝ Հայաստանը խելոք (smart) ,ուժեղ և հստակ պետություն չէ, այլ սահմանապատ մի տարածք է, որն ունի պատմություն, ինչն էլ ներկայումս վիճարկման առարկա է դարձրել, իսկ ապագայի ձևն ու բովանդակությունն պարզ չեն։
Հայաստանում այս պահին նույնիսկ չկա արտաքին կառավում, այլ միայն կառավարման իմիտացիա` անհեթեթ մի միրաժ, ինչի մեջ անդադար լցվում են վերամբարձ խոսքերով ասված բարձր գաղափարներ` ինքնիշխանության, ինքնաբավության և նման բաներ։
Հայաստանը դուրս է ամեն տեսակի ստրատեգիական ծրագրերից, որևէ բանում գործոն չէ և փորձում է իրեն քշել մի անկյուն՝ հանդես գալով իբրև ապագաղափարական և բացառապես սոցիալական չեզոք գոտի՝ «ինչ պետք ա տանք, մենակ թե մեզ հանգիստ թողեք, մեկ էլ մի քիչ փող տվեք» բանաձևով մնալու համար։
Հպատակը հպատակեցնողին հպատակության հաճույք պետք մատուցի իր լինելիությունը երաշխավորելու համար։
Եվ հիմա հարց. հնարավո՞ր է, որ առավոտյան մի օր, երբ ուշ քնողները նոր քուն մտած լինեն, իսկ շուտ զարթնողները դեռ արթնացած չլինեն, պարզվի, որ ադրբեջանական բանակը հարձակվել է ՀՀ֊ի վրա և բացի իր բաղձալի միջանցքի ճանապարհը բացելուց, Հանրապետության հարավային դարպասները օկուպացնելուց (Մեղրիի գրավումը), շարժվում է դեպի մայրաքաղաք Երևան` «Էրիվանի խանության» մուրազով։
Նորից եմ կրկնում, նվաճման միտումով ներխուժման այս սցենարի ժխտումը պիտի հակափաստարկներ առաջ քաշի՝ այն է, որ ՀՀ֊ն ինքն իրեն կպաշտպանի, կամ Հայաստանին կպաշտպանեն ուրիշները։
Հայաստանից ոչ ոք չի վախենում, Հայաստանի հետ ոչ ոք շահ չունի։ Հայաստանին ոչ ոք հաշվի չի առնում։
Սա նշանակում է, որ արտաքին ինտերվենցիայի դեպքում չի լինելու մտածված և կազմակերպված ընդհանրական և ամբողջական դիմադրություն։ Նույնիսկ համայնքային պաշտպանություն չի ստացվի ստեղծել։ Ուրեմն մնում է նա, որ յուրաքանչյուր ոք միմիայն պիտի պաշտպան կանգնի իրեն և իր ընտանիքին։ Որովհետև ավելի մեծածավալ գաղափարներին և լայնածավալ տարածքներին տեր կանգնելու համար կառավարվող միասնություն է պետք ռազմական առաջնորդի (военный вождь) հրամանատարությամբ ու ենթակաների պատրաստվածությամբ։
Իհարկե, վարչակազմի պաշտպանները՝ հատկապես նրանք, որ իբրև թե օբյեկտիվ են և հանդես են գալիս ռեալիզմի, ռացիոնալիզմի նոտաներից, հնարավոր է պնդեն, որ.
Հանրապետությունը դժվարագույն վիճակում է գտնվում , և ղեկապետը դրա համար է գնում զիջումների, որ իբր փրկի վերջին հայրենիքը պատմական դառնալուց ու 21֊րդ դարի առաջին ցեղասպանության հնարավորությունը չեզոքացնի։ Իսկ ինչու է երկիրն այս վիճակում՝ արդեն գիտենք, դե նախկինների ձայնապնակը կա ու կա։ Սակայն սա քննարկում էլ չի, այլ ճամարտակություն, անորակ նկարագրություն` խեղաթյուրման նպատակով։ Լիդերը պատասխանատու է իր ժամանակի և տարածության համար։
Քո օրոք եղած֊ապրած ոչ մի հաղթանակ կամ պարտություն, ոչ մի հաջողություն կամ անհաջողություն չի կարող վերագրվել նախկինում եղած֊գործած որևէ դեմքի կամ խմբի։
Եվ այսպիսով անցնելով հետհաշվարկի՝ գալիս ենք նրան, որ կառավարող խումբը այնպես է ձախողվել, որ պետության քաղաքացին՝ իր հնարավորությունների մեջ, սեղմվել է ընտանիքի պաշտպանության սահմաններում։ Այստեղից հետևություն՝ եթե դու համաձայն ես վերոգրյալի հետ, որի իմաստն այն է, որ վարչակազմն ունակ չէ պաշտպանելու պետությունը, և որ ՀՀ-ում ապրող մարդը մնում է ինքն իր հետ սեփական անվտանգության գործում, ապա քո գործն այն պայքարն է, որի հաջողությունը կբերի այս իրավիճակի գլխիվայր փոփոխմանը։
Եվ վերջում՝ չմոռանալու պարտադրանքով և հիշելու անհրաժեշտությամբ.
«Կռվելու պատրաստ, կազմակերպված ազգի հետ հաշվի նստում են, չեն կարող չնստել։ Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ, չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկին…»
Վանո Սիրադեղյան
“Էրիվանի խանության ժամանակները”
2002թ.
Ռուբեն Վարդանյան
Պատմաբան, հրապարակախոս