«Իրատես» թերթը գրում է.
«Հանրաքվեն իրականացնելու համար կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի 2 միլիարդ 553,049 հազար դրամ, 660 միլիոն դրամ էլ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով։
Այն ԿԸՀ-ին, որի նախագահը նախկին իշխանությունների ժամանակներից պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանն է, որին ընդդիմադիրի «մունդիրով» Փաշինյանը հազար անգամ քննադատել է։ Այս ամենը զավեշտալի է նաեւ մեկ այլ դիտանկյունից. մի «նախկին» կազմակերպում է ընտրական գործընթաց, որպեսզի հեռացնի մյուս «նախկինին»։ Տեսնես ո՞րն է տարբերությունը այդ երկու «նախկինների», որ մեկին ազգովին հեռացնում ենք, մյուսին ապսպրում զբաղվել դրանով։
Գործառութային տեսանկյունից էլ շատ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, մշտապես դժգոհել են, որ ՍԴ-ն վավերացրել է կեղծված ընտրությունները։ Իրականում ՍԴ-ն ընդամենը համադրել է ԿԸՀ-ի տրամադրած պաշտոնական տեղեկույթն ընտրությունների վերաբերյալ և որոշում կայացրել։ Այսինքն, եթե կեղծվել է, հաստատ ոչ ՍԴ-ում։ Այսքանից հետո շատ հետաքրքիր է ո՞րն է Տիգրան Մուկուչյանի «գրավչությունը», որ իշխանությունը հենց նրան է վստահում հանրաքվեի անցկացումը։
Ի դեպ, այս վստահությամբ իշխող մեծամասնությունը նաեւ օրինականացնում է նախկինում անցկացված այն բոլոր ընտրությունները, որոնք Տիգրան Մուկուչյանի «քավորությամբ» են վավերացվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: