Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի նկատմամբ մահափորձ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ մայիսի 3-ին ժամը 18:40-ի սահմաններում Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում անհայտ անձինք «Լադա Պրիորա» մակնիշի 777/93 ՌԴ հաշվառման համարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը։ Հրազենից կրակոցներ են արձակվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդի եւ նրա ուղեւորի Ն.Գրիգորյանի ուղղությամբ, ապա հեռացել դեպքի վայրից։
Արձակված կրակոցների հետեւանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի եւ աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական համալիր, հետքաբանական եւ դատաձգաբանական, դատատեսաձայնագրառային փորձաքննություններ։