«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՀՀ վարչապետ: Բայց ԱԺ-ն վարչապետ է ընտրելու ոչ թե ՀՀԿ-ի դեռ մեծամասնություն ունեցող եւ դե յուրե իշխանության ղեկին գտնվող ուժի թեկնածուին, այլ նրան, ում առաջադրել է ժողովուրդը, տվյալ դեպքում ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին (ավելին ՀՀԿ-ն ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում հրաժարվել է սեփական թեկնածու առաջադրելուց): Արդեն Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս ուժերից երեքը ՀՅԴ-ն, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները:
ՀՀԿ-ականները թեեւ հայտարարել են, որ չեն խոչընդոտի Փաշինյանի քվեարկությանը, բայց դեռեւս չեն խոսում նրա օգտին քվեարկելու մասին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ականները փորձելու են բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտներ հարուցել Փաշինյանի ճանապարհին: Հիմա եթե անգամ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Ն.Փաշինյանին, հետագայում մտադիր է ձախողել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա նախաձեռնությունը: Փաշինյանն առաջարկում է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չհաստատել կառավարության ծրագիրը, որպեսզի Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի:
Սակայն ՀՀԿ-ականները ուզում են հաստատել Փաշինյանի բերած ցանկացած ծրագիր, միայն թե արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Իսկ իրենք ԱԺ-ում ունենալով խորհրդարանական մեծամասնություն` զանազան անհարմարություններ կստեղծեն Փաշինյանի կառավարության առաջ չընդունելով կառավարության ներկայացրած նախագծերը, օրենքներ ընդունելով վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին եւ այսպես շարունակ: Ասել է, թե ՀՀԿ-ականները մտադիր են Հայաստանում ոչ միայն խորացնել քաղաքական ճգնաժամը, այլեւ ստեղծել սահմանադրական ճգնաժամ, երբ միմյանց դեմ կսկսեն պայքարել պետության երկու ճյուղերը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում