7 Հոկտեմբերի, 2022

 «Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ani Product

«Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի վերաբերյալ զրուցել ենք նախկին նախարարներից մեկի հետ, ով խնդրեց, որ անունը չգրվի։

Ani Product

– Խաղաղության պայմանագրի կետերից մեկը Սյունիքով միջանցքի կամ ճանապարհի հարցն է։ Հայկական կողմի համար անընդունելի է միջանցքը, բայց ճանապարհ պատրաստ են տալ, իսկ Ադրբեջանը միջանցք է ուզում։ Որոն է միջանցքի ու ճանապարհի տարբերությունը, եւ ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։  

– Հայաստանից Ստեփանակերտ մենք ունենք միջանցք, մենք գնում ենք Ստեփանակերտ՝ սահման չհատելով, չենք անցնում մաքսակետով, անձնագրի ստուգում չի արվում։ Դրա անունը միջանցք է։ Եթե ասում ենք «ճանապարհ», ապա, օրինակ, Հայաստանից գնում ենք Ռուսաստան՝ Վրաստանի տարածքով, Բագրատաշենում անձնագիրը ցույց ենք տալիս, մաքսակետն անցնում ենք, Լարսում էլ՝ նույն գործողությունները։ Տարբերությունն այդ է, այլ ոչ ճանապարհի լայնությունը, կարգավիճակը կամ կատեգորիան։ Միջանցքի դեպքում միջպետական հարաբերություն չկա, անցնում են, ինչպես իրենց ճանապարհներով, իսկ ճանապարհի դեպքում դու մտնում ես այլ պետության տարածք՝ այդ պետության օրենքներով, համապատասխան մաքսարարության օրենքներով եւ այլն։ Հիմա ՀՀ-ն ասում է՝ խնդրեմ, ձեզ ճանապարհ, որտեղից ուզում եք, մտեք հատեք սահմանը՝ ինչպես կարգն է, որտեղից ուզում եք՝ դուրս եկեք, բայց միայն այն պայմանով, որ անձնագիրը ցույց տաք, բեռը, ապրանքը ցույց տաք՝ մաքսարարության օրենսդրության սահմաններում, միջպետական հարաբերությունների սահմաններում։

– Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց Ադրբեջանին՝ լոգիստիկ առումով Հայաստանում հիմա ի՞նչ իրավիճակ է։

– Սկսենք նրանից, որ Գորիս-Կապան ճանապարհը հայկական ճանապարհ է, որը նախագծվել է հայկական նախագծող ինստիտուտներում, հողհատկացումն իրականացվել է հայկական տեղական իշխանությունների եւ կառավարության կողմից եւ այլն։ Այդտեղ ադրբեջանական որեւէ բան չկա, որ հանձնել ենք իրենց։ Իրե՞նք են անօրինական գրավել, թե՞ մենք ենք տվել՝ դա մյուս խնդիրն է, կարեւորն այն է, որ մեր կարեւորագույն, ամենակարճ ճանապարհից մենք ուղղակի զրկվել ենք։ Տաթեւի ճանապարհն ու այլ ճանապարհները շրջանցում են, եւ ակնհայտ է, որ շրջանցող ճանապարհը միշտ ավելի վատն է լինում, քան մայրուղին։

– Ի՞նչ փուլում է այժմ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը։ Ձեր կարծիքով՝ այն մոտ ապագայում ավարտվելու հեռանկար ունի՞։

– Քանի որ այդ ԾԻԳ-ի առաջին ղեկավարը ես եմ եղել, իմ սիրտը ցավում է, եւ ես անհամբեր սպասում եմ այդ ճանապարհի ավարտին։ Եթե Վրաստանն իր խոստումը կատարի, ապա մենք կունենանք հրաշալի ճանապարհ՝ դեպի Բաթում եւ Իրանի սահման, որը ե՛ւ Իրանի համար է հսկայական հարցեր լուծում, ե՛ւ, կարեւորը՝ մեզ համար։ Մենք այդ դեպքում 3.5 ժամում հասնում ենք Մեղրի, 3 ժամում հասնում ենք Բաթում եւ դառնում ենք ավտոճանապարհների շատ լրջագույն, տրանզիտ պետություն։ Բոլոր հայերս պետք է անհամբեր սպասենք, թե երբ է այդ ճանապարհը կառուցվելու, եւ ամեն մեկն ինչ հնարավորություն ունի, աջակցի, օգնի, որ այդ ճանապարհը շուտ կառուցվի։ Դա պետք է լինի բոլորիս պարտականությունը։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս