4 Հունիսի, 2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պատերազմի օրերին ու դրանից հետո տեւական ժամանակ իշխանությունների ու նրանց սպասարկող անհատների հասցեին սկանդալային տեղեկություններ հաղորդող «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյք օգտատերն այլեւս գոյություն չունի։ Նա, հիշեցնենք, օգտահաշիվներ ուներ «Ֆեյսբուք» սոցցանցում եւ «Տելեգրամ» հավելվածում։ Երկուսում էլ արդեն մի քանի ամիս է՝ դադարեցրել է հրապարակումներ անելը։ Նախօրեին «Տելեգրամի» նրա էջում անգլերենով հաղորդագրություն հայտնվեց, որով տեղեկացվում է, որ այդ հաշիվն արդեն հինգ ամիս է՝ ակտիվ չէ, եւ եթե այն առաջիկա 28 օրվա ընթացքում մնա ապաակտիվացված վիճակում, ապա կինքնաոչնչանա։ «Գագիկ Սողմոնյան»-ի վերջին հրապարակումը եղել է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին, որտեղ նա անդրադարձել է 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանին՝ նրան մեղադրելով Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի «պրոյեկտը» լինելու մեջ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն դեռ պատերազմի օրերից ընկել էր «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ հետեւից ու բանուգործը թողած՝ փորձում էր պարզել, թե ով է «ֆեյքի» ետեւում թաքնված։ Այդ նպատակով անգամ քրեական գործ հարուցեցին եւ 2021 թ․ փետրվարին ձերբակալեցին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին՝ կասկածելով, որ հենց նրանք են կանգնած «Գագիկ Սողոմոնյան» անունով կեղծ օգտատիրոջ հետեւում։

Բայց անգամ նրանց ձերբակալելուց հետո վերոնշյալ «ֆեյքը» շարունակում էր իր սկանդալային հրապարակումները, և  ԱԱԾ-ն, բնականաբար, որեւէ բան չկարողացավ բացահայտել՝ հայտնվելով անհարմար իրավիճակում ու ստիպված լինելով ազատ արձակել վերը նշված անձանց։ Իսկ 2021 թ․ ընտրություններից հետո, երբ ընդդիմությունը պարտվեց, «Գագիկ Սողոմոնյանը» պասիվացավ, ապա վերջնականապես դադարեցրեց հրապարակումները՝ հավանաբար համարելով, որ իր «առաքելությունն» ավարտված է։ Սակայն ԱԱԾ-ում դեռ փնտրում են այլեւս գոյություն չունեցող «ֆեյքին»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս