«Հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բազմաթիվ իրարամերժ հայտարարություններով եւ հայտնել նաեւ այնպիսի տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ այդ օրը նա շատ խոսեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի մասին։ «Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է օկուպանտ»,- հայտարարեց Փաշինյանը։ Այս պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ Փաշինյանն այն ներկայացնում է Օսկանյանի ընդհանուր մտքի համատեքստից կտրված։ Խոսքը 2001 թվականին Վարդան Օսկանյանի տված մի հարցազրույցի մասին է, որտեղ նա խոսում է Ղարաբաղյան հակամարտության եւ բանակցությունների մասին։ Նախ Օսկանյանը հայտարարում է. «Հայաստանը չի ստորագրի մի փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում»։
Այսինքն 2001 թվականին ԱԳ նախարարը բացառում էր որեւէ դեպքում Արցախի Ադրբեջանի կազմում լինելը։ Այնուհետեւ Օսկանյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցի Հայաստանի համար ցանկալի լուծման դեպքում Ադրբեջանին կվերադարձվեն 7 շրջաններից 6-ը։ «Գիտեք, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, եթե այնտեղ (Զանգելանի շրջանում,- խմբ.) բնակիչներ կան, եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»,- հայտարարում է Օսկանյանը։
Այսինքն ակնհայտ է, որ օկուպացված տարածքների մասին Օսկանյանի խոսքը վերաբերում է ոչ թե Ղարաբաղին ընդհանրապես, այլ նախկին ԼՂԻՄ-ի հարեւան 7 շրջաններին, որոնցից 6-ը հակամարտության լուծման դեպքում կվերադարձվեին Ադրբեջանին։ Եվ Փաշինյանի պնդումը, թե քանի որ Օսկանյանը խոսել է Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մասին, ապա դրանով ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, մանիպուլյատիվ է։ Այսպիսով փաստենք, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։