mnews

10 Նոյեմբերի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ: Թերևս նման պնդում լրագորղների հետ զրույցում վերջերս կատարել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Հայաստանի տնտեսության ամենամոնոպոլացված սեգմենտում՝ շաքարավազի շուկայում գների նման տատանումը, այն էլ անկման միտումով, Շաբոյանը բացատրել էր մարցակցության «ուժեղացմամբ և խորացմամբ»: Այժմ ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուրջ 50 ընկերություն շաքարավազի ներկրում է իրականացնում: «Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», — նշել էր Շաբոյանը:

Հայաստանում յուրաքանչյուր տաքսու վարորդի է հայտնի, որ շաքարավազի ներկրման կամ արտադրության մենաշնորհը պատկանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, ում երբեմն անվանում են Հայաստանի «շաքարավազի արքա»: Այդ պնդում այնքան կասկածի տեղիք չտվող ճշմարտություն էր, ինչպես ասենք «1+1=2»-ի պարզ թվաբանական գործողությունը և դրա արդյունքը:

Ուստի հարց է առաջանում՝ ինչ տեղի ունեցավ, որ իշխանութունն ի դեմս Սամվել Ալեքսանյանի հրաժարվեց շաքարի մենաշնորհից կամ թույլ տվեց այդ գերշահութաբեր ոլորտում մրցակցության առաջացում: Հեռու պետք չէ գնալ և ուղղակի անհրաժեշտ է հիշել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում ու Ռուսաստանի շաքարավազի շուկայում գների գահավիժման փաստը: Սրան գումարվում է նաև գլխավորը՝ ՌԴ-ի ցանկությունը շաքարավազ վաճառել Հայաստանում, ինչին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Մինչ այդ՝ ինչ տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարեց, որ այժմ քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում շաքարավազի ընդհանուր շուկա ստեղծելու հնարավորությունները:

«Մտածել ենք շաքարի նոր շուկա ստեղծելու մասին: Այստեղ խնդիր է առաջացել. որը զեկուցել է ՌԴ գյուղատնտեսության նախարարը: Հանձնարարվեց մշակել մեխանիզմներ ընդհանուր շուկայում շաքարի հումքի ներմուծման առնչությամբ, որպեսզի շաքարի ճակնդեղի արտադրությունում խնդիրներ չլինեն: Որովհետև ստացվում է մեր շուկան սեգմենտավորվում է տարբեր տիպի շաքարի ու հումքի առումով, ինչպես կարգավորել իրավիճակը, որպեսզի հավասար մրցակցություն լինի և շաքարի արտադրության համար 3-րդ երկրներից հումք ներմուծող գործարարների իրավունքները չխախտվեն», — ասաց Սարգսյանը:

Հատկանշական է, որ շաքարավազի շուկայում ստեղծված վիճակի մասին հարցը հայտնվել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ բնագավառը, ինչպես հայտարաեց ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանում հայտնվել է բավականին ծանր կացության մեջ: Ռուսաստանում շաքարավազի գները նվազել են շատ կտրուկ՝ 44 տոկոսով և հավասարվել 2014 թ-ի ցուցանիշներին: «Այս հարցը մեզ չի կարող չմտահոգել, մենք շատ մեծ քանակությամբ շաքարավազ ենք արտադրում: Ես հանդիպել եմ ոլորտի ներկայացուցիչների ու արտադրողների հետ», — հայտարարել էր նիստից օրեր առաջ Մեդվեդևը:

Ռուսաստանի շաքարավազի շուկայում ի հայտ եկած խնդիրները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ողջ եվրասիական շուկայի վրա, առաջացել են եվրասիական «եղբայրներ» Ղազախստանի ու Բելառուսի գործողություններից, որոնք առանց տուրքերի հումք են ներկրում այդ ապրանքի արտադրության համար: Խոսքը պարզ վերաարտահանման մեխանիզմի գործադրման մասին է, ինչպես ժամանակին Հայաստանն անում էր թուքական արգելված լոլիկը իր տարածքով Ռուսաստան արտահանելու դեպքում: Բելառուսն ու Ղազախստանը առանց տուրքի ներկրում են ՌԴ այլ երկրներից հաճախ մաքսանենք սխեմաներով ներմուծած շաքարավզի հումքը և մրցակցում են Ռուսաստանի շուկայում: Այս մասին անգամ բաց տեքստով բարձրաձայնել էր նաև Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդ Տկաչովը:

Իսկ հիմա Հայստանում շաքարավազ վաճառեու Ռուսաստանի ցանկության մասին: Շաքարավազի շուկայում մեծ կորուստներ կրող Ռուսաստանը թիրախավորել է հայկական շուկան: Նույն Տկաչովը Երևանում կայացած նիստից հետո մեզ հետ զրույցում, խոսելով գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության զարգացման մասին, հայտարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է «շաքարավազ վաճառել Հայաստանում»: «Մենք այստեղ վաճառում ենք հացահատիկ, ձեթ, ինչպես նաև ցանկանում ենք վաճառել շաքարավազ», — ասաց Տկաչովը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ ինքնաբավ չէ այս ապրանքատեսակի արտադրության հարցում:

Պարզ է՞, չէ, որ Ռուսաստանի գլխավոր գյուղատնտեսի հայտարարությունն ուղղակի ցանկության արտահայտություն չէ, այլ որոշում, որը եթե բարձրաձայնվում է, ուրեմն գոնե ստացել է ՀՀ-ի իշխանությունների լուռ համաձայնությունը: Այսինքն՝ արտաքին խոշոր խաղացողի մուտքով Հայաստանում բացվում է տնտեսության ամենակենտրոնացված սգմենտներից մեկը՝ շաքարավազի շուկան: Անսասան «ժայռաբեկոր» հիշեցնող Սամվել Ալեքսանյանի «շաքարավազի թագավորությունը» ճեղքեր է տալիս, որտեղ մինչ օրս մուտք գործելը շատ տնտեսվարողների համար ոչ միայն անհեռանկարային, այլև առողջության համար վտանգավոր նախաձեռնություն կարող էլ լինել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս