1 Փետրվարի, 2022

Այսօր արդեն փետրվարի 1-ն է, և բոլորիս համար էլ պարզ է, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը այսուհետ ևս ՌԴ թռիչքներ չի կարող իրականացնել, այսինքն մարդիկ չեն կարող իրենց չօգտագործված տոմսերը փոխարինել ավելի ուշ ժամկետի տոմսերի հետ, իսկ գումարը հետ չեն վերադարձնում:

Տոմս գնած քաղաքացիներն ասում են, որ ավիաընկերության տնօրինությունը իր վրայից պատասխանատվությունը գցելու համար ասում է, որ դա պետք է անեն այն միջնորդ կայքերը, որոնց միջոցով վաճառվել են տոմսերը:

Սա ակնհայտ քցոցի է, որովհետև միջնորդ կայքն իրեն է պահում միայն միջնորդավճարը, իսկ մնացած գումարը փոխանցում է ավիաընկերությանը: Եվ նման դեպքերում երբ չվերթը հետաձգվում կամ չեղարկվում է, ապա ավիաընկերությունը պետք է ինքը փոխհատուցի գումարը, և ոչ թե պատասխանատվությունը գցի միջնորդների վրա:

Բայց այստեղ մեղավորը ավելի շուտ ոչ թե FLYONE ARMENIA ավիաընկերությունն է, կամ դրա սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը, որը չի փոխհատուցում մարդկանց գումարները, այլ այն մարդիկ, ովքեր այդ ավիաընկերությունից տոմս են ձեռք բերել: Ով էր ձեզ ասում այդ ավիաընկերությունից տոմս գնեիք, որ նման անհարմար վիճակի մեջ ընկնեիք: Մարդիկ խաբվել են էժան գնին՝ մտածելով, թե Սուքիասյանի ընտանիքն ուզում է իրենց լավություն անել, դե ուրեմն սա թող իրենց դաս լինի, որ եթե մյուս անգամ լսեն ու կարդան, որ նույնիսկ 10 հազար դրամով FLYONE ARMENIA-ի տոմս են վաճառում, որքան հնարավոր է հեռու փախնեն նման «գրավիչ» առաջարկներից: Որովհետև արդյունքում շահելու են ոչ թե իրենք, այլ այս ընկերության սեփականատերը, որ արդեն երկու ամսից ավելի է, հավանաբար, իրենց բանկի միջոցով ֆռացնում է այդ միջոցները և շահույթ ստանում, իսկ քաղաքացիները գումարը հետ ստանալու համար նյարդեր են քայքայում և ժամանակ կորցնում:

Իշխանությունը ևս իրենց այս հարցում չի օգնի, քանի որ այն գտնվում է Սուքիասյանի գրպանում:

Ինչ վերաբերվում է Սուքիասյանին, ապա նրան խորհուրդ կտանք հետևել իր սիրելի վարչապետ մոլլա Նասրդեինի հետևորդ Փաշինյանի օրինակին, ով հասարակությանը կերակրում է 2050թ. սպասվող լավ կյանքի հեռանկարով: Մոլա Նասրեդինը խալիֆին խոստանում էր 20 տարում էշին խոսել սովորեցնել, եթե նա դրա դիմաց լավ վճարի: Երբ Նասրեդինին հարցնում են, որ միթե նա չգիտի, որ դա անհնար է, և խալիֆին խաբելու համար իրեն կգլխատեն, նա պատասխանում է, որ այդ ընթացքում կամ խալիֆը կմեռնի կամ ինքը կամ էլ էշը կսատկի: Սուքիասյանն էլ կարող է տոմս գնած ու չթռածներին խոստանալ գումարները վերադարձնել մինչև 2050թ-ը: Մինչ այդ ով սաղ կմնա, ով՝ մեռած:

Ինչպես այս, այնպես էլ երկրում առկա բազմաթիվ այլ հարցեր հնարավոր կլինի լուծել համապարփակ իշխանափոխության դեպքում, երբ Սուքիասյանն ու իր իշխանական հովանավորը զրկված կլինեն մարդկանց անպատիժ խաբելու հնարավորությունից: Միայն թե այդ ժամանակ պետք է ամեն ինչ անել, որ արգելվի այս ավիաընկերության ԷՎԱԿՈՒԱՑԻԱ անվանումով թռիչքը:

ՀԳ.  Ի դեպ, այս և մի քանի այլ թեմաներին առնչվող հարցերի պատասխաններ փորձեցինք Մարդու իրավունքի պաշտպանի քվեարկության օրը ստանալ ԱԺ-ում՝ անձամբ Խաչատուր Սուքիասյանից, սակայն վերջինս հրաժարվեց հարցազրույց տալ, ասելով թե առավոտյան խոսել է լրագրողների հետ, իսկ ArmLife.am կայքի հարցերին կպատասխանի առաջիկայում: Կսպասենք:

Աղբյուրը՝ ArmLife.am

kotayk

Լրահոս