26 Հունվարի, 2022

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման խնդիրը երկու հարևան երկրների հակամարտության համատեքստում իր կարևորությամբ մի կողմ մղեց բուն ԼՂ–ի թեման։ Այս մասին Bunin & Co Telegram ալիքի համար Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի առցանց ասուլիսը մեկնաբանելիս հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Նշենք, որ հունվարի 24-ին ՀՀ վարչապետը հայտնեց, որ Բաքվին և Մոսկվային առաջարկ է փոխանցել սահմանին իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ խոսքը, ըստ էության, զորքերի հայելային հետքաշման մասին է, որի գաղափարը նա հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին։

«Կարծես թե այսօր այդ սյուժեի (սահմանազատման և սահմանագծման) շուրջ նոր աշխուժություն ենք նկատում։ Եվ դա կապված է ոչ թե ռազմական ակտիվության, այլ դիվանագիտական առաջարկների հետ», – նշել է Մարկեդոնովը։

Անկախ նրանից, որ առաջարկները փոխանցվել են Մոսկվային և Բաքվին, հայկական ընդդիմությունը, ըստ քաղաքագետի, կենտրոնացրել է ուշադրությունը հասցեատերերից մեկի` Ադրբեջանի վրա։

«Փաշինյանին մեղադրում են զիջումների մեջ։ Եվ այս հարցում գործի է դրվում ցանկացած բան` լինի դա Մոսկվայում թուրք գործընկերոջ հետ հայ հատուկ ներկայացուցչի շփումները, թե Բաքվի համար նախապատրաստած առաջարկները։ Միևնույն ժամանակ ինչպես և հայ–թուրքական կարգավորման դեպքում, Ռուսաստանը, ինչպես ասում են, խաղի մեջ է։ Այն էլ ակտիվ խաղի մեջ։ Ավելին, սա այն դեպքն է, երբ Արևմուտքը դեմ չէ ռուսական ջանքերին», – նշել է փորձագետը։

ՀՀ վարչապետն այսօր խոսում է դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտության մասին, բայց քաղաքագետը կարծիքով՝ դրա ստեղծումը չի նշանակում, որ գործը միանգամից առաջ կգնա։

Փորձագետի կարծիքով` Երևանի և Բաքվի միջև տարընթերցում կա, որը որակյալ գույքագրում և բարդ հանգույցների հնարավոր բացման ուղիների մատնանշում է պահանջում։

Մարկեդոնովը չի բացառում, որ այս ուղղությամբ առաջընթացը կապվելու է ԼՂ կարգավիճակի հետ, թեպետ նույն Մոսկվան չէր ցանկանա, որ այս հարցն առաջ գար նախքան սոցիալ–տնտեսական ուղղությամբ առաջընթաց արձանագրելը։ Սակայն հաղորդակցությունների ապաշրջափակման մասին ցանկացած խոսակցություն առանց առաջընթացի նույնպես խնդրահարույց է։

«Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը շտապում։ Այն պատճառով, որ բացառիկ հնարավորություն ունի։ Իշխանության ողջ համակարգն իրեն է ենթարկվում։ Ընդդիմությունը քննադատում է, բայց փոխարենը գրեթե ոչինչ չի առաջարկում։ Ռևանշի նա պատրաստ չէ, սակայն հետհակամարտային իրականություն ևս չի շտապում կառուցել։ Քիչ հավանական է, որ առանց սահմանի հարցը լուծելու խաղաղ պայմանագիր կկնքվի։ Այդ իսկ պատճառով հապաղումը կարող է Փաշինյանի համար ապագայում անբարենպաստ ներքաղաքական կոնտեքստ ստեղծել», – կարծում է քաղաքագետը։

Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Փաշինյանի ներկայիս գերիշխումը հավերժ կտևի։ Միևնույն ժամանակ, ինչպես էլ իրադարձությունները զարգանան, Մարկեդոնովի համար ակնհայտ է, որ Մոսկվան պահպանում է Երևանի և Բաքվի միջև վիճահարույց խնդիրների լուծման հարցում միջնորդի իր հատուկ դերը։

kotayk

Լրահոս