Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի բազմաթիվ նահանգներում ցուցարարներ են բերման ենթարկվում, գրում է Sözcü թերթը։
Հաղորդվում է, որ մարտի 24-ին Ստամբուլում որոշ լրագրողների տներում խուզարկություններ են կատարվել։ Մասնավորապես, բերման են ենթարկվել Ալի Օնուր Թոսունը, Զեյնեփ Քուրայը, Բյուլենթ Քըլըչը, Յասին Աքգյուլը, Հայրի Թունջը, Քուրթուլուշ Արին, BirGün թերթի լրագրող Բարըշ Ինջեն և նրա կինը՝ Սեվիլ Ինջեն։ Ֆոտոլրագրող Մուրատ Քոջաբասը նույնպես բերման է ենթարկվել Իզմիրի իր տանը։
Լրատվամիջոցների և իրավական հետազոտությունների ասոցիացիան հայտնել է, որ Ստամբուլում ձերբակալված լրագրողներին տարել են ոստիկանության Վաթանի բաժին։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է 1100 ձերբակալվածի և 123 վիրավոր ոստիկանի մասին։