23 Ապրիլի, 2023
Ո՞ր փուլում է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիություն ունենալու վերաբերյալ գործը։ Այս մասին տեղեկատվության ստանալու համար Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Ի պատասխան  հարցմանն` ԱԱԾ–ից նշել են, որ քրեական վարույթն ուղարկվել է քննչական կոմիտե։

«Հայտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ իրականացվող քրեական վարույթը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,– նշված է ԱԱԾ պատասխանում։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Պարբերականի տվյալներով՝ Սարգսյանը այդ քաղաքացիությունը ստացել է 500 հազար դոլարի չափով ներդրումների համար։

Հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունից լրատվականին հայտնել էին, որ ԱԱԾ–ն ստուգելու է` արդյոք Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն։

 

kotayk

Լրահոս