Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Եթե դուրս գանք՝ «Քոչարյանը Փաշինյանին պահելու համար է» մեխանիկայից ու փորձենք հասկանալ, թե ո՞վ է հեռացնելու Փաշինյանին՝ եթե չկա Քոչարյանը, ապա ի՞նչ պատասխան ունենք:
Ո՞վ է հեռացնելու Փաշինյանին, ո՞վ է նրա իշխանության համար ստեղծելու այն անհաղթահարելի խնդիրը, որը պետք է հեռացնի նրան, եթե համարենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես գոյություն չունի Երկիր մոլորակի վրա:
Հիմա շատերն այս հարցադրումը կընկալեն իբրեւ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:
Ոչ, ընկերնե՛ր, այս հարցադրումն ի պաշտպանություն հանրային ռացիոնալության է, որ մեր հանրությունը ինչպես չկերակրվի աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական տարատեսակ կաղապարներով ու միֆականությամբ, այդպես էլ վերը նշածս կաղապարային բանաձեւով:
Հայաստանում ձեւավորվել է որեւէ կենսունակ, հանրայնորեն վստահելի ուժ, եւ մարդիկ դրա փոխարեն գնացել ու ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանի՞ն:
Չեք նկատո՞ւմ, որ Քոչարյանն ավելի շուտ դարձել է Հայաստանում այլ ուժերի քաղաքական թույլ մրցակցայնության «ալիբի»:
Հայաստանի քաղաքական դաշտում մրցակցության բարձր նշաձողերը պետք է սահմանի հանրությունը՝ իր մտածողությամբ, իր պատկերացումներով, եւ այն շրջանակները, որոնք հավակնում են ձեւավորել հանրային մտածողություն:
Եթե որեւէ ուժի հաջողություն կախված է մրցակցի «չլինելուց», ապա այդ հաջողությունը չի ունենա հանրային որեւէ օգտակարություն:
Այո, կա ոչ միայն իշխանություն-ընդդիմություն, այլ նաեւ ընդդիմության դաշտում մրցակցություն: Սա նորմալ է, ես կարծում եմ՝ այս երեւույթը Հայաստանին չէ միայն, որ բնորոշ է:
Երբ քաղաքական ուժերն են միմյանց թիրախավորում, սա հասկանալի է: Բայց հանրությանը պետք է բարձրացնել սրանից հնարավորինս վեր, որպեսզի իրավիճակի գնահատումը լինի ըստ էության, այլ ոչ թե ըստ մատուցվող մեխանիկական բանաձեւերի կամ կաղապարների:
Ընդ որում, տարիներ շարունակ հենց այդ կերպ է առաջնորդվել հայաստանյան ներքաղաքականությունը, որ քաղաքական զարգացման փոխարեն մենք տեսել ենք միայն ու միայն դեգրադացում»: