12 Ապրիլի, 2024

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատարանում հարցաքննված վկաները՝ Մհեր Առաքելյանը, Ֆրունզե Ստեփանյանը և Ալեքսան Մկրտչյանը, Ջալալ Հարությունյանի մեղադրանքը հիմնավորող ցուցմունքներ են տվել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, կայացած նիստի ընթացքում հարցաքննվել են դատակոչված երեք վկաներ՝ Ցոր զորամասի կապիտանը և նույն զորամասում ծառայող երկու զինծառայող, որոնց ցուցմունքները, ինչպես նշեցինք, Ջալալ Հարությունյանի դեմ են եղել։

«Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ հրամանատարությունից ստացել են հայտարարություն, որ մոտեցող զորախումբը «հաստատ մերոնք են», ինչի հետևանքով էլ նրանք համարել են, որ զորախումբը, որը գալիս է դեպի Ցորի դիվիզիոնի ուղղությամբ, հանդիսանում են մեր զինծառայողները և կրակ չեն բացել, չեն լքել մարտական դիրքը՝ մտածելով, որ մոտեցողը հակառակորդը չէ, ինչի հետևանքով հակառակորդը եկել և շրջափակել է հրետանավորներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին հարցաքննվել են դեռևս այս երեք վկաները, որոնք բոլոր հարցադրումներին հստակ պատասխանել են, որ անգամ իրենք են լսել հրամանը, որ «մերոնք են, 100 տոկոսով մերոնք են, շարունակեք ձեր գործառույթը»։

Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 25-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունները։ Դատակոչված վկաները հիմնականում նույն զորամասի զինծառայողներն են, բանակի հրամանատարական կազմը, բարձրաստիճան սպաները, որոնք գտնվել են Ջալալ Հարությունյանի հետ նույն կետում և լսել են հրամանները, ինչպես նաև՝ տուժողների իրավահաջորդները։ Ընդհանուր առամամբ՝ հարցաքննման ենթակա անձանց քանակը մոտ 50-ից ավել է։

kotayk

Լրահոս