Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի գործունեությանը։
«2025 թվականի հոկտեմբերին կլրանա ճիշտ 10 տարի այն պահից, երբ Լևան Կոբիաշվիլին ստանձնեց Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Դեռ 10-12 տարի առաջ վրացական ֆուտբոլը խոր ճգնաժամ էր ապրում։ Այն ժամանակ մասնագետները միաձայն հաստատում էին, որ Հայաստանի հավաքականը զարգացման մակարդակով առաջ է։ Այժմ պատկերը լրիվ այլ է։ Տասնամյակի ընթացքում Կոբիաշվիլիի թիմը, պետական լուրջ աջակցության շնորհիվ, իրականացրել է արմատական բարեփոխումներ և ամբողջությամբ փոխակերպել վրացական ֆուտբոլը։
Թե ինչպես դա հաջողվեց անել, ես մանրամասն գրել էի դեռ մինչև այն պահը, երբ Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024 և այնտեղ իսկական ֆուրոր առաջացրեց։ Հիմա ուզում եմ շնորհավորել Լևան Կոբիաշվիլիին և նրա թիմին վերջին 10 տարիների ընթացքում կատարած փայլուն աշխատանքի համար։ Վրաստանի հավաքականի խաղը պարզապես այս լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է և տորթի վրա դրված բալը»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը։
Ազգերի լիգայի B ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականը Հայաստանի թիմի նկատմամբ երկու հաղթանակ է տարել (3:0, 6:1):