Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր հենց ցուրտ եղանակին: Երևանում տնկվել են շուրջ 250 հասուն ծառատեսակներ՝ հիմնականում սոճիներ և եղևնիներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։
Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն օդի որակի բարելավմանը։
Մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական էտը և ձևավորումը: Գործընթացը կիրականացվի շուրջ 300 բակերում, 19 այգիներում ու 18 պողոտաներում և փողոցներում»,-նշված է հաղորդագրության մեջ։