8 Հուլիսի, 2026

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները և ցորենի արտադրության խթանման հնարավորությունները:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության և ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի և պահեստավորման գնահատմանը: Վերլուծության արդյունքների և արձանագրված խնդիրների ներկայացումից հետո Էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններով:

Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին և նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը: Ընդգծվել է նաև ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը:

Շեշտելով ցորենի արտադրության խթանման կարևորությունը՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ և ներկայացնել քննարկման:

Լրահոս