26 Նոյեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, կոնկրետ հետևանքներ չի ունենա:

«Հատկապես Պեսկովի Հայաստանը, միանշանակ, կմնա ՀԱՊԿ անդամ» ֆրազայից հետո հասկանալի է, որ ոչ մի հետևանք էլ չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

Հարցադրմանը, թե ստորագրումն ի՞նչ էր տալու հայկական կողմին, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ դրանով իշխանությունները հնարավորություն կստանային Արևմուտքին ասելու, որ «տեսեք մենք ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, որովհետև և՛ դուք եք քաղաքական գնահատականներ հնչեցնում, և՛ իրենք»:

Քաղտեխնոլոգը հավելեց, որ այս ամենում պետք չէ փնտրել ռեալ-պրագմատիկ նշանակություն, քանի որ ուղղակի «դեմք պահելու» խնդիր կար, ինչն իշխանությունները փորձեցին անել չստորագրելով:

«Իշխանություններն ու իշխանական մեդիաները, ի դեպ, բավականին ակտիվ փորձեցին տարածել Նիկոլ Փաշինյանի դեմարշի երևույթը»,- նկատեց նա:

Ըստ Կարեն Քոչարյանի չստորագրելը չպետք է դիտարկել հակառուսական տրամադրությունների համատեքստում. «Ավելի շուտ ՀԱՊԿ մյուս անդամների հետ կապված խնդիր էր, որոնք, կարծում եմ, չեն համաձայնել Ադրբեջանի դեմ քաղաքական հայտարարություն ընդունել: Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի մասին է»:

Ճշգրտող հարցին ինչո՞ւ Ապրիլյան պատերազմից հետո, 2016-ի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմը կարողացավ հայանպաստ պայմանավորվածություններ ձեռք բերել, իսկ այս անգամ չկարողացավ ստանալ այդ քաղաքական գնահատականը, ինչի մասին նշում են իշխանությունները, քաղտեխնոլոգը նախ արձանագրեց, որ սա այն դեպքն է, որ իշխանությունները չեն ստում. փաստաթղթերը չեն ստորագրվել, որովհետև չի եղել քաղաքական գնահատական, ապա նշեց.

«2016 թվականին և անգամ 2018 ու 2019 թվականներին բոլոր պետությունները, նրանց ղեկավարները, միջազգային կառույցները ՀՀ-ի հետ շատ ավելի լուրջ էին նստում, քան պարտությունից հետո. աշխարհում ողջ պատմության ընթացքում այդպես է հաղթողի հետ լրիվ այլ լեզվով են խոսում, պարտվողի հետ լրիվ այլ»:

Լրահոս