14 Նոյեմբերի, 2022

Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը: Այս մասին, այսօր նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստի ժամանակ նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մենք մի անգամ բավականին մանրամասն քննարկում ունեցանք նախագահական կառավարման եւ խորհրդարանական կառավարման մասին: Պարոն Իոննիսյանն ասում է չենք հասել քվեարկության, բայց էդտեղ դոմինանտ երեւաց, որ հանձնաժողովում մեծամասնությունը խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են: Այս հարցում ես հոռետես եմ եւ կարծում եմ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել այս ինստիտուտը, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը:

Եթե չենք պահպանում, մեզ պետք է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եթե պահպանում ենք եւ ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, գնալ ոչ ավանդական ճանապարհով, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ-ի դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,-նշեց նա։

Մարուքյանի խոսքով, գործող Սահմանադրության մեջ կան ինստիտուտներ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը. «Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվելու, ես չեմ հավատում։ Կամ պետք է որոշենք, որ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե խորհրդարանականը շարունակում ենք, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առաջացնել ճգնաժամեր, մնալու են ձևական, անբովանդակ վիճակում»,-ասաց Մարուքյանը:

Լրահոս