Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածուներ՝ գործող գյուղապետ Ալեքսան Ալքեսանյանը, Էդգար Հայրապետյանը, Ջանիկ Խալաթյանը և Արբակ Միսակյանը: Մենք այցելել ենք Օհանավան և զրուցել թեկնածուների և բնակիչների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Օհանավանի գյուղապետի թեկնածուներից Էդգար Հայրապետյանի հետ:
–Պրն. Հայրապետյան հետաքրքիր պայքար է լինելու թեկնածուների միջև, ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Այնքանով կլինի հետաքրքիր, որ գրեթե բոլորս երիտասարդ կադրեր ենք, նոր ուժով և եռանդով լեցուն: Կարևորը պայքարը ընդամենը մրցակցության շրջանակներում է, ոչ ավելին:
– Ինչպիսի՞ քարոզարշավ իրականացրեցիք:
Այս ընտրություններն իրենց տեսակով, իհարկե, խիստ կտարբերվեն: Մենք կանգնած ենք անչափ կարևոր որոշման առջև։Հասկանալի է, որ այս իրավիճակում պետք է որոշակիորեն փոխվեն առաջնահերթությունները, մշակվեն գործելակերպի նոր ուղիներ: Միավորվելու գաղափարն ինքնին խորհրդանշում է ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու ուղին:Այսօր մեր առջեւ խնդիր ունենք հասարակությանը հնարավորինս ճիշտ ներկայացնել միավորման բոլոր առավելությունները, որպեսզի որոշումը լինի գիտակցված, և յուրաքանչյուրը դառնա մասնակից ու շահագրգիռ։ Առհասարակ քարոզարշավը շատ նորմալ, բնականոն իրավիճակ է ընտրությունների նախօրեին, այնուամենայնիվ մենք շատ նորմալ քարոզարշավ իրականացրեցինք, ամեն ինչ հասցրեցինք ժամանակին: Ավելորդ խոսակցություն, վիրավորանք չկա մեկս մյուսիս նկատմամբ: Երբ տեսնում ենք, նորմալ բարևում ենք միմյանց, բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրություններով կյանքը չի ավարտվում, դրանից հետո էլ այս գյուղում ապրելու ենք, հաղորդակցվելու: Թե ո՞վ է ավելի արժանավորը՝ թող որոշի ժողովուրդը։ Եթե իմ ընդդիմադիրն ընտրվի՝ ես միայն կշնորհավորեմ: Սա քաղաքականություն է, ոչ մի աթոռ կամ պաշտոն հավերժ չէ:
-Ինչպիսի՞ ծրագրերով եք հանդես եկել հանրության առջև:
– Մեր գյուղն այսօր իրոք դինամիկ զարգացող համայնքներից մեկն է, որը, սակայն, այս մակարդակին հասնելու համար մեծ ճանապարհ է անցել: Հասկանում ենք, որ հանրապետությունում սոցիալ – տնտեսական խնդիրներ կան, բայց մենք էլ մեր հերթին կփորձենք անել այնպես, որ այն փոքր-ինչ մեղմվի: Ես միշտ բնակչության կողքին եմ եղել, և ուրախությանը, և տխրությանը: Մարդկանց ամեն մի հոգսը նաև իմն է և ես պարտավոր եմ այդպիսին լինելու, և հոգուցս է գալիս:
ՏԻՄ ընտրություններում հաղթելու դեպքում, իմ բոլոր գործողությունները միտված են լինելու հետևյալ ծրագրերի իրականացմանը՝
- Կտրուկ բարելավել համայնքապետարանի աշխատանքների և սպասարկամ որակը:
- Լուծել գյուղացիների հողերի օրինականացման և փաստաթղթավորման խնդիրները, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հատկացնել գյուղացիներին ըստ անհրաժեշտության և առաջնահերթության:
- Զբաղվել գյուղի բոլոր փողոցների լուսավորության հարցերով:
- Հետևել աղբահանության լիարժեք կազմակերպմանը:
- Կահավորել կանգառները:
- Վերանորոգել մշակույթի տունը, ստեղծել պատշաճ պայմաններ մշակութային և սպորտային խմբակների համար:
- Կազմակերպել տոնական միջոցառումներ, դրանք դարձնելով ավանդույթ:
-Եվ վերջում` Ձեր կարգախոսը:
–«Ես իմ ժողովրդի հետ եմ» , և ամեն ինչ անելու եմ մեր բնակչության համար: Օհանավանցիներին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին և ձայն տալ արժանավոր թեկնածուին, ում որ կնախընտրեն: «Թող իրենք իրենց արժանի մարդու ընտրեն»: Ընտրություններն էլ կանցնեն հաշտ, խաղաղ պայմաններում: Այսօր կարելի է ասել, որ արդար ընտրություններ անցկացվում են գյուղերում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են և որևէ մեկը չի կարող մասնակցել կրկնակի քվեարկությանը:
Mnews.am