3 Ապրիլի, 2023

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը դատարանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանին։

«Ուզում եմ տեղեկացնել, որ գրեթե 2 տարվա դատավարությունից հետո ավարտվեց ինձ դատի տված Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայումս ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանի դատական գործը:

Ասեմ, որ դատարանը ամբողջությամբ մերժել է պատգամավորի հայցը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ փաստաբան Անահիտ Սարգսյանին` դատավարությանը փայլուն մասնակցության և մինչև վերջ իմ կողքին կանգնելու համար: Արդարությունը միշտ հաղթանակում է, իսկ մեր ժամանակներում արդարությունը ամենաուժեղ զենքն է։

Հ. Գ. Միանշանակ, մենք պետք է գործենք, որպեսզի հաղթենք ներքին թշնամուն, իսկ այսօր ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին: Ստերի և դավաճանների վերջը գալու է։ Ժամանակի հարց է…», – Facebook-ում գրել է Արսեն Նիկողոսյանը։

Նշենք, որ ըստ «Դատալեքսի» դատարանը հայցը գնահատել է անհիմն և մերժման ենթակա։ ՔՊ-ականը դատարան դիմել էր 2021-ի հուլիսին վնասի փոխհատուցման պահանջով։

Դատալեքսից տեղեկանում ենք. «Դիմելով Դատարան հայցվորը հայտնել է, որ 28.06.2021թ. Արսեն Նիկողոսյանը ֆեսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում արել է «!! Հրատապ» վերնագրված հետևյալ գրառումը:

«Հայտարարում եմ Աջափնյակ համայնքում օրերս ականատես եղանք, թե ինչպես իշխանական վանդալները ջարդուփշուր էին անում հասարակ հայ քաղաքացիներին պատկանող շինությունները: Փոխարենը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը այս պահին իրականացնում է շինարարական աշխատանքներ Ս. Գևորզյան փողոցի վրա:

Հարց է առաջանում այ անբարոյական բաշիբոզուկները ապագա են ստեղծում իրենց համար, թե ազգի: Գոռում էիք ապագա կա, որպեսզի հարստահարեք ու կողոպտեք շարքային քաղաքացուն, դավաճան կապիտուլյանտներ: Եթե այդ շինությունը չարժանացավ նույն ճակատագրին, ինչպես շարքայինինը, ապա կարճ քաղաքական բախտի եք արժանանալու, ձեր իրական տեղը քաղաքական աղբամանն է:

Հ. Գ. Հարցս ուղղում եմ Երևանի քաղաքապետին, այ կապի՛կ, եթե այս հարցին չտվեցիր արդարացի, օրինական լուծում, ապա ժողովրդի ողջամիտ մասը պատվելի վարչապետիդ պողպատե մանդատը կմտցնի …»:

Այնուհետև 29.06.2021թ. պատասխանողը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կիսվել է «InfoPress.amw-ի հոդվածով»։

Ըստ հայցվորի վերը հիշատակված Գրառումը պարունակում է իր պատիվը, արժանապատվությունը արատավորող փաստացի տվյալներ: ՔՊ-ականը դատարանից պահանջել Արսեն Նիկողոսյանից հօգուտ իրեն բռնագանձել սահմանված նվազազույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով 2.000.000 ՀՀ դրամ փոխհատուցում»:

Դատարանը մարտի 31-ին որոշել է Միքայել Թումասյանի հայցն ընդդեմ Արսեն Վարդանի Նիկողոսյանի վնասի փոխհատուցման պահանջի մասին, մերժել, ինչպես նաև Միքայել Թումասյանից հօգուտ Արսեն Վարդանի Նիկողոսյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Լրահոս