Փաստաբաններից մեկը շենքի մոտ էր եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, ձեռքին էլ «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ։
«Այս սաղավարտները ոստիկանների հարվածներից են պաշտպանում: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,- հայտարարեց զրահաբաճկոնով փաստաբանը:
Բողոքի դուրս եկածները պահանջում են փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արդեն իսկ իրենց պահանջին միացել է 878 փաստաբան։
«Խստորեն դատապարտում ենք փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները։ Պահանջում ենք նաև դադարեցնել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,- պահանջագիր ներկայացրեց Զոհրաբյանը։
ՓՊ նախկին նախագահը հայտարարեց, եթե իրենց պահանջները չբավարարվեն, պատրաստվում են առնվազն մեկ օրով գործադուլ անել. այդ օրը փաստաբանները հրաժարվելու են դատարաններ և նախաքննական մարմիններ այցելել։
Հիշեցնենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել, որպեսզի նա տեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին։