Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվեց։ Ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Դուք ձեր կյանքով զբաղվեք հա, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով, դատական նիստի ժամանակ կխոսենք դրա մասին»,-նշեց ԱԺ նախագահը։ Դահլիճում նույնպես կրքերը թեժացան, պատգամավորները սկսեցին տեղից խոսել և «հաթաթաներ» տալ միմյանց։
Այնուհետև ելույթի համար ամբիոնին մոտեցավ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրա ելույթը չսկսված ընդհատվեց Մինասյանի, Սիմոնյանի և Օհանյանի միմյանց հանդեպ ուղղված վիրավորանքներով։
Հայկ Կոնջորյանը միջամտեց դիմելով Սեյրան Օհանյանին․ «Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, լռություն, ձայնդ, առանց հավելյալ տվայտանքների»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «Դուք»-ով։
Կոնջորյանը նորից անդրադարձավ Օհանյանի և Սիմոնյանի միջև տեղի ունեցած խոսակցությանը․ «Դահլիճի մեծ մասը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին։ Սրիկան դուք եք, ԱԺ նախագահին դուք ասացիք սրիկա։ Սրիկան դուք եք և լուռ պետք է լսեք։ Պապանձվիր, ձայնդ»։ Հայտարարվեց ընդմիջում:
Ընդմիջումից հետո ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները որոշում կայացրին չմասնակցել նիստին։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն հայրենի իշխանությունները դիտավորյալ են կազմակերպել այս ամենը, քանի որ նպատակ ունեն այսօր շատ արագ ավարտել արտահերթ նստաշրջանը, որովհետև վաղը առավոտյան ժամը 10։0-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պետք է ներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։
Ու կարծես թե իշխանությունը հասավ իր նպատակին, քանի որ այս պահին ընդդիմությունը բոյկոտում է արտահերթ նիստը ու հեռացել է ԱԺ նիստերի դահլիճից։