12 Սեպտեմբերի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս բեռնափոխադրողները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ասում էին, թե փորձեր են արվում հայկական շուկան ազատել իրենցից տեղ տալով օտարներին, որ շուկայում խոշորների մենաշնորհ է և այլն:

Մասնագետները, սակայն, կարծում են, որ իրականում խնդիրն առավել խորքային է: Մասնավորաբար, կան փորձագետներ, որոնք կարծում են, որ կոնկրետ Ռուսաստանից Հայաստան ապրանք բերելու խնդիր չկա, քանի որ Ռուսաստան ապրանք արտահանող որևէ մեկը այնտեղից դատարկ չի գալիս: Խնդիրն այստեղից բավարար քանակության արտահանման ապրանքի առկայությունն է: Այս դեպքում էլ նշվում է, որ շուկան բավականին մեծ է:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին կարծում է ախտորոշում տալու համար միշտ պետք է խորը ուսումնասիրություն: «Մեր երկրում շատ դեպքերում պրոբլեմը լիարժեք ախտորոշելուց առաջ մտածում ենք բուժում նշանակելու մասին: Մինչդեռ, եթե պրոբլեմն ախտորոշված է սխալ, բուժումները ևս լինելու են սխալ: Բեռնափոխադրումների ոլորտը կանոնակարգված չէ, սա գլոբալ պրոբլեմ է: Անհրաժեշտ է կանոնակարգել: Կարգավորումները ճիշտ տալու համար հարկավոր են այլ հետազոտություններ ևս, որոնք, ցավոք, այս պահին առկա չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հատկապես առանձնացնում է ոլորտում առկա խնդիրներից մեկը թուրքական «ֆուռերի» առկայությունը, որոնք թուրքական արտադրանքը Ռուսաստան արտահանելով` հետվերադարձին ՌԴ֊ից Հայաստան բեռներ են տեղափոխում:

«Թուրքական ֆուռերն այստեղ գործոն են: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը միշտ եղել ու մնալու է բարձր: Ոչ մի հայկական ֆուռ այսօր Թուրքիա չի մտնում, մինչդեռ թուրքականները մտնում են Հայաստան: Բնական է, որ այստեղ առաջանալու է դժգոհություն: Իրենք շատ են, իրենց շուկան մեծ է, դրա հաշվին ծախսերն ավելի քիչ են: Ինչոր գործիքակազմեր պետք է կիրառել, որպեսզի հայկական ֆուռերը թուրքականների հետ լինեն մրցունակ: Առաջին հայացքից ամենահեշտ լուծումը կարող է լինել, որ թուրքական ֆուռը Հայաստան մտնելիս սահմանին ավելի շատ գումար վճարի, քան այսօր է վճարում: Որպեսզի հասկանա, որ Հայաստան մտնելը տնտեսապես այդքան ձեռնտու չէ, որքան առաջ էր, որպեսզի մերը նրա նկատմամբ ունենա համապատասխան առավելություն: Բայց կարո՞ղ ենք սա սահմանել միայն Թուրքիայի համար: Ոչ, չենք կարող»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է ստացվում է, որ պրոբլեմը գլոբալ ձևակերպել ենք, բայց պետք է հատիկ առ հատիկ ախտորոշում տալ և յուրաքանչյուրի համար փորձել խորը լուծում գտնել, որպեսզի կատարած միջամտությունն արդյունավետ լինի: «Հակառակ պարագայում կախտորոշենք, որ ունենք պրոբլեմ, կտանք դրան թվացյալ լուծում, սակայն այն կշարունակի մնալ չլուծված»,-հավելում է նա:

Ըստ նրա, բեռնափոխադրողները կարող են բարձրացնել նաև այն հարցը, որ այսօր ցանկացած մեկը լոգիստիկ ծառայություն է մատուցում: «Սա կարող ենք որպես պրոբլեմ դիտարկել, բայց էկոնոմիկայի նախարարությունը կարող է ասել վա՞տ է, որ շուկան ազատականացրել ենք: Վատ չէ, բայց առաջարկ-պահանջարկը լավ աշխատում է, եթե գործում է խաղի կանոններով: Եթե կանոններ սահմանված չեն, դա արդեն ոչ թե ազատ շուկա է դառնում, այլ վայրի: Կարող են խոշորների խնդիրը բարձրաձայնել: Ակնհայտ է, որ նա մի քիչ ավելի լավ է բիզնես անում, նա հո կրակը չի ընկել, որ փոքրը վատ է այդ բիզնեսն անում: Պետք են խոր ուսումնասիրություններ, ոչ թե անիմաստ մեղադրանքներ խոշորը խեղդում է ու չի թողնում աշխատել: Եթե խոշորն ուրիշ արտոնություն չունի, չպետք է նրան նեղացնել, եթե ունի, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, որ այդ արտոնությունները լինեն համաչափ բաշխված»,կարծիք է հայտնում ՀԿ նախագահը:

Խոշորներից հատկապես «Սպայկա» ընկերության անունն են շեշտում լրատվամիջոցները և տարբեր շրջանակներ: Մինչդեռ ոլորտի փորձագետները նշում են, որ այն, որպես գյուղատնտեսական հոլդինգ, արտահանում է բացառապես իր արտադրանքը: Պիպոյանն արձագանքում է. «Չեմ ուզում կոնկրետ մեկ ընկերության հարց մեկնաբանել, որովհետև կա խոր ուսումնասիրության կարիք: Այսօր խոսում էին ֆուռերից, խոսեցին շատ ֆուռեր ունեցող «Սպայկայից»: Վաղը, երբ լոգիստիկային անդրադառնան, կխոսեն այլ ընկերությունից: Առանց ուսումնասիրության ո՛չ պետք է լավ բան ասել, ո՛չ վատ: Առնվազն այս փուլում ո՛չ արդարացնելու, ո՛չ էլ մեղադրանք ներկայացնելու կարիք չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին վերադառնում ենք սկզբում հնչեցրած մտքին պետք են կանոնակարգումներ: «Իսկ մեր երկրում կանոնակարգման կարիք ունեն ոչ միայն գործադիրի գործողությունները, ոչ միայն ոլորտներում առկա պրոբլեմները, անգամ այդ ոլորտների դեմ պայքարող մարդկանց գործողությունները: Նույն մեր բարձրացրած հարցի օրինակով այդ ծառայությունները մատուցող մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչ տարբեր խնդիրներ ունեն, բայց մեկն ասում է այնպես խոսենք, որ կառավարությունը չնեղանա, մյուսը թող լավ էլ հասկանա, որ մեր խնդիրը պետք է լուծել, հաջորդն ասում է առաջինը բարձրացնենք թուրքական ֆուռերի պրոբլեմը և այսպես շարունակ: Ու քանի որ իրենց գործողություններն էլ կանոնակարգված չեն, 30 հոգով 32 երգ են երգում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

 

Լրահոս