Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Շրջայցից հետո, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:
Վարչապետի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա: «Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Վարչապետը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:
Ամփոփելով իր խոսքը՝վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով: