11 Հունվարի, 2025

Հպանցիկ «թերթելով» Նիկոլ Փաշինյանի գրառման ներքո մեկնաբանությունները, նկատեցի, որ շատ օգտատերեր «ուղղում» են նրան, ասելով, որ ազգն է ավելի բարձր կատեգորիան եւ պետություն ունենալը ոչ թե ազգից ստեղծում է ժողովուրդ, այլ՝ ժողովրդին դարձնում է ազգ: Այս մասին գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Ինչպես արդեն թերեւս գիտեք, Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ պետությունը ազգին տալիս է ժողովուրդ դառնալու հնարավորություն:

Փաշինյանին «շտկող» հարգարժան օգտատերերը, ըստ իս, սխալվում են, եթե կարծում են, թե սխալվել է Փաշինյանը:

Նա իր քաղաքականությամբ այսօր ազգից փորձում է ստանալ հենց ժողովուրդ: նա ոչ թե գիտական կամ ակադեմիական բանաձեւ է ներկայացնում, այլ հենց իր պատկերացումն ու թերեւս խնդիրը, նպատակը՝ ստանալ ժողովուրդի պետություն:

Դա ոչ թե նշանակում է պետություն ժողովրդի համար, այլ ժողովուրդ՝ իշխանության համար:

Իշխանության, պետական վերնախավի բովանդակությունը, էթիկան, աշխարհընկալումն ու արժեհամակարգը, որ դավանում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող հաստատուն լինել ազգի, այսինքն սոցիալ-հոգեբանական եւ քաղաքական ներդաշնակ արժեհամակարգային ինքնության կրող քաղաքացիական հանրույթի դեպքում:

Այդ բովանդակությունը, էթիկան, աշխարհընկալումն ու փիլիսոփայությունը կարող են շատ, թե քիչ հաստատուն լինել, եթե «գործ ունենան» ժողովրդի հետ, այլ կերպ ասած՝ գերազանցապես սոցիալ-կենցաղային «ինքնության»:

Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն կառուցում է այդ ինքնությունը, դրա շննորհիվ փնտրելով իր քաղաքական դիրքերի թեկուզ հարաբերական ամրություն ու կենսունակություն:

Այլ հարց է, որ նա թերեւս միանգամայն պատրաստ է թերեւս անմիջապես փոխել «հաջորդականությունը» եւ առաջնահերթությունները, եթե հենց այդ փոփոխությունը դիտարկի վերը նշածս խնդիրը սպասարկելու կամ լուծելու ավելի արդյունավետ եւ ապահով ճանապարհ»,-գրել է նա:

Լրահոս