Փաստն այն է, որ Արցախից բռնի տեղահանված մարդիկ ունեն շատ լուրջ խնդիրներ, խոցելիության մակարդակը գրեթե անհնար է որոշել, ինչ չափորոշիչով, ձեւով է սահմանվելու ով է խոցելի, ով՝ ոչ, չգիտեմ։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից դադարեցնել Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10» ծրագիրը՝ նշելով, որ դրա փոխարեն մեկ այլ ծրագիր կիրականացվի խոցելի խմբերի համար։ Առ այս պահը կառավարությունը չի հրապարակել նոր ծրագրի բաղադրիչն ու շահառուների շրջանակը, պարզ չէ նաեւ, թե տնից զրկված ու գաղթած արցախցիների շրջանում ինչ սկզբունքով են որոշելու խոցելի խմբերին, երբ նրանց փաստացի նույն կարգավիճակում են։
«Անգամ եթե մարդը ֆինանսապես կարողունակ է, բայց բռնի տեղահանված է, տնից- տեղից կտրված է, ապա արդեն իսկ խոցելի է, ի՞նչ ոչ խոցելիության մասին է խոսքը, ուրիշ բան, որ կարող են աջակցությունը տարբեր մակարդակում տրամադրել։ Այն մարդն, ով կարիքը չունի, չի էլ գնալու ստանա»,- կարծիք հայտնեց Հովսեփյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մի շարք դեպքերում արցախցիները տեղյակ չեն լինում ծրագրերին։ «Տեսե՛ք, մարդկանց ասում են գնացեք հերթագրվեք, բայց հերթագրման վայրում մարդիկ ծրագրից տեղյակ չեն, չգիտեն ինչի՞ համար են հերթագրվում, հետ ու առաջ են անում ամբողջ օրը, կրկին չարչարանքներից հետո միայն մարդիկ տիրապետում են, թե ինչ հարցով են դիմելու եկել։ Արհեստական քաշքշուկները սարսափելի են»,- ասաց տիկին Հովսեփյանը։
Կրկնակի տեղահանվածների համար, ինչպես նշեց Ս.Հովսեփյանը, խոստացվել էր բնակարանների սերտիֆիկատների տրամադրում։ Հադրութից ու Շուշիից տեղահանվածների մասին է, ովքեր նախ 2020թվականին են տեղահանվել, հետո վերադարձել Ստեփանակերտում էին ապրում, ապա նաեւ այնտեղից բռնի տեղահանվեցին 2023թ.-ին։
«Այդ մարդկանց ասել էին, որ իրենց բնակարանների սերտիֆիկատներ են տալու, բայց դեռ դա չարած, բնակարաններով չապահոված, արդեն հանել էին «40+10» աջակցության ծրագրի շահառուների ցուցակից։Այդ ծրագրով տրվող «40+10» գումարը սկսել են չտալ։Պատկերացրե՛ք, այդ մարդիկ շարունակում են ապրել վարձով, վարձակալները, բնական է, փողը ուզում են, իրենց տունն է»,- նշեց Ս.Հովսեփյանն՝ ավելացնելով, որ տեղահանվածները լրջագույն խնդիրներ ունեն, երեխա են մեծացնում, ու արդեն մի քանի ամիս է, ինչ զրկված են աջակցության այդ ծրագրից։
«Մի ծայրահեղ ծանր իրավիճակ, բողոքներ բարձրաձայնելուց հետո, նորից հայտեր են տվել, որ լրացնեն։Պատկերացրեք այդքան ամիսներ չարչարելուց հետո, հիմա, իբր թե, այդ գումարները պետք է տան՝ բողոքների ու բարձրաձայնումի արդյունքում միայն, բայց ի՞նչ ձևով, այս ամիսների ընթացքում ինչեր են քաշել այդ ընտանիքները, դա միայն կարող է պատկերացնել այն մարդը, ով 4 երեխայի հետ բնակարանից բնակարն է տեղափոխվում, որովհետև տան վարձ չի կարող տալ։Սա է ծրագրից ծրագիր փոխանցման տարօրիակ մարտավարությունը, չգիտես հատո՞ւկ են անում, որ մարդիկ արտագաղթեն, թե ինչ, եթե հատուկ են անում, ապա դա իրենց մոտ շատ լավ է ստացվում, եթե փնթի են, ապա ինչո՞ւ են ընդհանրապես գործում այդ ոլորտում», – հարց բարձրացրեց Սոֆյա Հովսեփյանը։